05 Հոտ
2024
21.4° c ԵՐԵՎԱՆ
17.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Դադիվանքը՝ որպես Ադրբեջանի քաղաքական ու դիվանագիտական զենք․ Monument Watch

Դադիվանքը՝ որպես Ադրբեջանի քաղաքական ու դիվանագիտական զենք․ Monument Watch

Monument Watch անկախ ակադեմիական հարթակը անդրադարձել է Ադրբեջանի կողմից Արցախյան մշակութային գլխավոր կոթողներից մեկի՝ Դադիվանքի օգտագործման եղանակներին․

««2024 թվականի սեպտեմբերի 18-ին Ադրբեջանը կազմակերպել էր հավատարմագրված  դեսպանների և դիվանագիտական ներկայացուցչությունների անդամների այցը բռնազավթված Արցախի Քարվաճառի շրջան: Դիվանագետներին ուղեկցում էր նախագահ Իլհամ Ալիևի օգնականը՝ Հիքմեթ Հաջիևը: 2020 թվականից ի վեր իրականացվող այս այցերը հաճախ ունենում են դիվանագետներին, ռազմական կցորդներին և միջազգային լրատվականներն Ադրբեջանի քաղաքական, ռազմական տեսլականը ներկայացնելու և հայկական կողմին որոշակի ուղերձներ տալու նպատակ: Բացառություն չէր նաև այս այցը, որի ընթացքում Ալիևի օգնականը Սարսանգի ջրամբարի մոտ առաջ տարավ այն թեզը, թե իբր հայերը «բնապահպանական մեծ վնաս են հասցրել տարածաշրջանին»: Այս թեզը առաջ է տարվում Բաքվում կայանալիք միջազգային բնապահպանական համաժողովին ընդառաջ:

Երկրորդ ուղերձը մշակութային էր և արվեց Դադիվանքում: Դեսպաններին և դիվանագետներին ներկայացվեց դեռևս 2020 թվականից տարածվող այն թեզը, իբր հայկական կողմը «ոչնչացրել է Ղարաբաղի մշակութային ժառանգության բազմաթիվ հուշարձաններ, հայկականացրել, կեղծել դրանք»: Որպես այդ թեզի կոնկրետ օրինակ Հաջիևը հայտարարեց, որ «Դադիվանքը և այլ հուշարձաններ վերականգնվելու են և իրենց նախնական տեսքն են ստանալու»:

Հաջիևի կողմից ընտրվել էր Դադիվանքը, քանզի 2020 թվականից ի վեր այստեղից սկսվեցին տարածվել աղվանա-ուդիական պատկանելության մասին կեղծ թեզերը (մանրամասն տես՝ «Ադրբեջանը Դադիվանքը հռչակում է ուդիական» ,  «Ուդիական քարոզչությունը որպես ադրբեջանական քաղաքականության դրսևորում» հոդվածներում)»։

Մեր արձագանքը․

«Ադրբեջանական վերականգնում» ասելով պետք է հասկանալ հայերեն հարյուրավոր բնօրինակ արձանագրությունների, խաչային հորինվածքների ու խաչքարերի ոչնչացումը, ինչը և չի թաքցնում ադրբեջանական կողմը՝ համարելով դրանք կեղծ: Ինչպես բազմիցս նշվել է այսօրինակ հայտարարությունները մեծ վտանգ են սպառնում հայկական հուշարձաններին, քանի որ նման «վերականգնման» պարագայում այդ հուշարձանները կորցնելու են իրենց պատմական, մշակութային ինքնությունը, ջնջվելու է դրանց իսկությունը: Հայկական պատմական եկեղեցիների աղվանացումը, հայկականության ժխտումը՝ ժառանգության ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից սահմանված իսկության սկզբունքի ոտնահարում է, պատմության և ինքնության ոչնչացման գործընթաց: Մշակութային ժառանգության իսկության պահպանության կարևորության մասին նշված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի 1994 թվականի Ճապոնիայում ընդունված մշակութային ժառանգության իսկության վերաբերյալ Նարայի փաստաթղթում։ «Զինված բախումների դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954 թվականի կոնվենցիայի 4-րդ հոդվածի և  1999 թվականի երկրորդ արձանագրության 9-րդ հոդվածի գ կետի՝ արգելվում է  մշակութային արժեքի ցանկացած վերափոխումը, դրա օգտագործման ձևի փոփոխությունը, որոնք նպատակ ունեն թաքցնելու կամ ոչնչացնելու մշակութային, պատմական կամ գիտական վկայությունները: Հարկ է հիշեցնել, որ Հաագայի արդարադատության միջազգային դատարանի 2021 թ. դեկտեմբերի 7-ի որոշմամբ արգելվել են հայկական եկեղեցիների պղծման գոծողությունները․ «Ադրբեջանը պարտավոր է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու և պատժելու վանդալիզմի և պղծման գործողությունները, որոնք իրականացվում էին հայկական մշակութային ժառանգության նկատմամբ․․․» (International Court of Justice, Application of the International Convention on the Elimination of All Forms of Racial Discrimination (Armenia v. Azerbaijan), 7 December 2021, No. 2021/34)։

Իսկ ԵԽԽՎ 2583-րդ բանաձևով հայկական մշակութային արժեքների հայկականության փաստի ժխտումն ու դրանց՝ աղվաններին պատկանելը ճանաչվել է որպես «ադրբեջանական հորինվածք» ((Parliamentary Assembly of the Council of Europe, Humanitarian consequences of the conflict between Armenia and Azerbaijan / Nagorno-Karabakh conflict, Resolution 2391 (2021), հոդված 18.4): Եկեղեցիների գործառույթի փոփոխությունը ոտնահարում է կրոնական համոզմունքներն ու ծիսակատարություններն իրենց իրական բնույթով պահպանելու և իրականացնելու հայ հանրույթի մշակութային ֆունդամենտալ իրավունքը, որը սահմանված է մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 27-րդ հոդվածով», – ասվում է հարթակի տարածած  հաղորդագրության մեջ։