05 Հնս
2026
23° c ԵՐԵՎԱՆ
18° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԵԱՏՄ-ն չի ցանկանում միջոցներ ձեռնարկել Հայաստանի դեմ, բայց ԵՄ-ին միանալու նրա ձգտումները մտահոգիչ են․ Օվերչուկ

ԵԱՏՄ-ն չի ցանկանում միջոցներ ձեռնարկել Հայաստանի դեմ, բայց ԵՄ-ին միանալու նրա ձգտումները մտահոգիչ են․ Օվերչուկ

Ոչ ոք չի ցանկանում ԵԱՏՄ-ից որևէ կոնկրետ միջոցառում Հայաստանի դեմ։ Հայաստանը ԵԱՏՄ անդամ պետություն է և բարեխղճորեն կատարում է ԵԱՏՄ-ի շրջանակում իր բոլոր պարտավորությունները․ Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի շրջանակում ТАСС հետ զրույցում նշել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

«Այո՛, նրանք հայտարարում են եվրոպական չափանիշներ ընդունելու ցանկության մասին, բայց ես ուզում եմ նշել՝ ոչ բոլոր եվրոպական չափանիշներն են վատը։ Այնտեղ շատ լավ բաներ են եղել և կան։ Մեզ մտահոգում է այն, որ Եվրամիությունը փաստացիորեն վերափոխվել է այն տնտեսական ինտեգրման միավորումից, որը մենք բոլորս լավ գիտեինք, որտեղ շատ լավ և գրավիչ աշխատանք էր կատարվել։ Այն վերափոխվել է ռազմաքաղաքական միության, որն այժմ թշնամաբար է վերաբերվում մեր երկրին։ Եվ սա հարցեր է առաջացնում։ Ո՞ւր է գնում Հայաստանը»,- ասել է նա։

Նրա խոսքով՝ եթե Հայաստանը շարժվում է դեպի Եվրամիություն, ապա պետք է որոշում կայացնի իր ապագայի վերաբերյալ։ Այս առումով Աստանայում վերջերս կայացած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում ԵԱՏՄ 4 առաջնորդների ընդունած հայտարարությունը հստակ կոչ է անում Հայաստանի ղեկավարությանը հնարավորինս շուտ քննարկել հանրաքվե անցկացնելու հարցը։

«Ես կարծում եմ, որ սա բոլորի շահերից կբխի, քանի որ ներկայիս անկայուն իրավիճակը ստեղծում է անորոշություն, հատկապես ներդրողների համար։ Ինչո՞ւ։ Որովհետև, եթե, ասենք, Հայաստանը միանա Եվրամիությանը, դա կստեղծի նոր չափորոշիչներ և նոր տեխնիկական կանոնակարգեր, որոնք չեն համապատասխանում մերին», – նշել է պաշտոնյան՝ ընդգծելով, որ անորոշությունը վնասակար է բոլորի համար, այդ թվում՝ Հայաստանի։շՀետևաբար, ԵԱՏՄ ղեկավարները խնդրեցին որոշում կայացնել հնարավորինս արագ։ Եվ, իհարկե, եթե խոսքը ԵԱՏՄ օրենսդրության մասին է, ապա այն ներկայում չի նախատեսում որևէ պետության բացառում կամ ԵԱՏՄ անդամի մասնակցության կասեցում միության աշխատանքներին։ Սա այն հարցն է, որը պետք է դիտարկել զուտ իրավական տեսանկյունից։

«Բայց կրկին, մենք շատ մտահոգված ենք այս արագ եվրաինտեգրմամբ, որը, մեր կարծիքով, կարող է զգալի վնաս հասցնել ինչպես Հայաստանին, այնպես էլ Եվրասիական միությանը և մեր երկրների բիզնեսին, որոնք ներկայում գտնվում են անորոշության մեջ. ի՞նչ անել։ Սա, ըստ էության, ամբողջ հարցն է։ Սա աշխատանքային իրավիճակ է, և այն պետք է դիտարկել որպես այդպիսին», – նշել է Օվերչուկն՝ ընդգծելով, որ ԵԱՏՄ ղեկավարները մինչև 2026 թվականի դեկտեմբերը կստանան զեկույց Հայաստանի անդամակցության վերաբերյալ հնարավոր գործողությունների մասին։

Ընտրություն 2026   Ընտրություն 2026