
Հայաստանը ստիպված կլինի գտնել լրացուցիչ 1 միլիարդ դոլար, գուցե նույնիսկ ավելին գազի համար․ ՌԴ ԱԽ
1.5 միլիարդ դոլարի վնասները, որոնք Հայաստանը կարող է կրել զբոսաշրջության ոլորտում, եթե վերջնականապես ընտրի Եվրոպական Միությունը, պարզապես անհամեմատելի են այն 2-3 միլիոն եվրոյի հետ, որը ԵՄ-ն նախատեսում է առաջարկել Երևանին: Ավելին, սա միայն մի փոքր մասն է այն ընդհանուր վնասների, որոնք հանրապետությունը կկրի նման սցենարի դեպքում․ Вести-ի հետ զրույցում նշել է Ռուսաստանի անվտանգության խորհրդի (ԱԽ) փոխքարտուղար Ալեքսեյ Շևցովը։
«Վերցնենք գազը։ Հաշվի առնելով, որ Ռուսաստանից Հայաստանի ստացած գազի ծավալը 2-3 միլիարդ խորանարդ մետր է, պարզ բազմապատկումը ցույց է տալիս, որ Հայաստանը ստիպված կլինի գտնել լրացուցիչ 1 միլիարդ դոլար, գուցե նույնիսկ ավելին», – նշել է նա:
Ավելին, Ռուսաստանի քաղաքացիներից ստացված փոխանցումները կազմում են ևս 3.9 միլիարդ դոլար: Ռուս զբոսաշրջիկներից ստացված եկամուտը կազմում է հանրապետության ՀՆԱ-ի մոտավորապես 13-15%-ը։
«Եթե պարզապես բազմապատկենք, եթե ամբողջ հոսքը դադարեցվի, դա կկազմի մոտավորապես 1,5 միլիարդ դոլարի կորուստ, այդ թվում՝ փոքր բիզնեսի համար։ Միևնույն ժամանակ՝ ԵՄ-ն մտադիր է օգնել Հայաստանին, և երկուշաբթի խոստացել է հատկացնել 2-3 միլիոն եվրո՝ Հայաստանին Շենգենյան գոտուն մոտեցնելու համար։ Եթե համեմատեք 2-3 միլիոն եվրոն և 1,5 միլիարդ եվրոն, դրանք անհամեմատելի են»,- նշել է Ռուսաստանի ԱԽ պաշտոնյան։
Նրա խոսքով՝ Հայաստանն, ըստ էության, կրկնում է այն ուղին, որն Ուկրաինան ընտրել է 2013-2014 թվականներին, և անհրաժեշտ է «լրջորեն մտածել», որպեսզի կանխվի, որ Երևանը, ի վերջո, նույն ուղով գնա և նմանատիպ իրավիճակում հայտնվի։


