
Կռվել է արցախցին
Երեք տարի առաջ այս օրերին վերջին հայերը դուրս էին գալիս Արցախից։ Արցախը դատարկվում էր. հայ մարդիկ դուրս էին գալիս Արցախից. գլխիկոր, ջախջախված, պարտված։ Թողնում էին Արցախը՝ մի փոքր մեքենայի մեջ տեղավորած Արցախի դարավոր հայկական պատմությունն ու Շուշիի մշուշից էլ թանձր մշուշով պատված ապագան։
Արցախցին չէր փախչում, արցախցին թողնում էր Արցախը հուսահատորեն ու անելանելի կերպով։ Արցախից դուրս գալը երեք տարի առաջ այս օրերին միակ անելանելի ելքն էր՝ սեփական կյանքը ինչ-որ կերպ փրկելու. այլ ընտրություն չկար։
2023 թվականի սեպտեմբերի 19-ին սկսված պատերազմը տևեց մեկ օր։ Մեկ օր, այսինքն՝ 24 ժամ, ինը ամիս շրջափակման բոլոր զրկանքները կրած, հյուծված, առանց ճանապարհների, առանց օգնության ու առանց հույսի մնացած զինվորը պատվի պատերազմ էր մղում՝ կրակելով վերջին փամփուշտները։
Արցախի վրա սկսված վերջին հարձակումը կարող էր շատ կարճ տևել, կարող էր միակողմանի լինել՝ առանց պատասխանի։ Սեպտեմբերյան արհավիրքի այդ օրը, սակայն, ադրբեջանական կործանարար հարձակմանը Արցախի մասնատված սահմաններին կանգնած զինվորը սխրանք է գործել։ Փաստացի շրջափակման մեջ գտնվող, թշնամու դեմ մեն մենակ մնացած պատվի զինվորը գործի է դրել իր ունեցած ամբողջ զինանոցը՝ քսանչորս ժամ անհավանական անհավասար պայքարում արձակելով արժանապատվության անթիվ կրակոցներ։
Արցախի վերջին խրամատները կյանքի գնով պաշտպանող զինվորը մի բուռ դարձած իր տանն ընտանիք ուներ. ընտանիք, որն անորոշ ու անպաշտպան, մեն-մենակ, առանց պետություն, միայնակ կանգնած էր մնացել աղետի առաջ։ Ընտանիք, որ եթե Մարտակերտի շրջանում էր, տարհանվել էր հարձակման օրը, եթե Մարտունիում էր, դեռ մի քանի օր շարունակելու էր մնալ կրկնակի շրջափակման մեջ՝ թշնամուն մոտ ու ամբողջ աշխարհից կտրված, եթե Ստեփանակերտում էր, ստիպված էր ընտրել այն փողոցների մեջ, որտեղ դեռ ադրբեջանցիները չէին ներխուժել։
Արցախցին կռվել է՝ բառացիորեն մինչև վերջին հնարավոր վայրկյանը։ Արցախցին չի փախել, արցախցին բռնի ու անմարդկայնի կերպով տեղահանվել է իր հայրենիքից՝ հայացքը հետ, սիրտը թողած, պատվի վերջին կրակոցներն արձակած։
Արցախի վերջին, մեկ օր տևած պատերազմում մենք 200-ից ավելի զոհ ենք տվել։
Կռվել է արցախցին։
Թամարա Գրիգորյան


