
Քարից երեխա էին խնդրում, ժայռից՝ անձրև․ Վարանդայի հին հավատալիքները
Հայերի կենցաղային ու ժողովրդական հավատալիքներում քարի պաշտամունքը հնագույն ծագում ունեցող երևույթ է: Մարդիկ քարերին վերագրել են բուժիչ, պտղաբերություն ապահովող և պաշտպանական հատկություններ։Սրբացված քարերի ու ժայռերի մոտ մարդիկ ուխտի են գնացել, մոմ վառել, աղոթել, մատաղ արել և կատարել տարբեր ծիսական գործողություններ: Քարերի նկատմամբ այս վերաբերմունքը պահպանվել է նախաքրիստոնեական հավատալիքներում՝ հետագայում միահյուսվելով քրիստոնեական ժողովրդական ծեսերի և սրբավայրերի մշակույթի հետ։ Այս առումով բացառություն չի եղել նաև Արցախի Վարանդայի շրջանը, որը նույնպես ունեցել է քարի պաշտամունքի իր բացառիկ ընկալումները:
«Վարանդայում կան քարեր և ժայռեր, որ պաշտում են ժողովուրդը։ Ուխտի են գնում նրանց, մոմ վառում, աղոթում և մատաղներ կտրում։ Այսպես՝ Աշան գյուղի մոտ գտնվում է մի ահագին ժայռ-քար, որ մի ժամանակ ժայռից պոկվելով գլորվել, եկել է մինչև գյուղ և հենց գյուղի մոտ կանգ առել՝ առանց որևէ վնաս պատճառելու։ Գյուղացիները, գոհ լինելով, որ այդ քարը ավելի առաջ չի գլորվել և վնասներ չի պատճառել, պաշտում են նրան։ Այս քարը կոչվում է Պուկ-քար, այսինքն՝ պոկ եկած քար։ Ամուլ կանայք գալիս, երեք անգամ թել են փաթաթում այս քարի շուրջը և ապա տանում, գուլպա գործում հագնում, որպեսզի երեխա ունենան»: («Ազգագրական հանդես», 1897, Գիրք Բ, Էջ 188): Այս նկարագրությունները ցույց են տալիս, որ Վարանդայում քարի պաշտամունքը դրսևորվել է ոչ միայն մարդկանց այլև անասունների վարքի հետ կապված ծիսական արարողություններով։ «Կաթ չտվող կովերին էլ տանում, երեք անգամ պտտեցնում են նրա շուրջը։ Հանդիպակաց ժայռն էլ, որտեղից պոկ է եկել այդ ահագին ժայռ-քարը, նույնպես պաշտում են։ Այնտեղ առավելապես երաշտի ժամանակ են մոմեր վառում, որ անձրև գա և կամ կարկուտ չփչի։ Մի այսպիսի ժայռ էլ գտնվում է Հիրհեր գյուղում, լեռան լանջին, որ եթե գլորվի, գյուղը ավերակ կդարձնի։ Վառված բազմաթիվ մոմերից ժայռի լանջը բոլորովին սևացել է։ Բայց ավելի հետաքրքիր է Գյունեյ Ճարտար գյուղի Շմանեքը, որ կարծեք դոլմեն լինի։ Մի կանգնած ժայռ քարի վրա ընկում են երկու մեծ ժայռ քարեր, մյուս կողմից հենված լինելով իսկական ժայռի վրա։ Սրանց միջև կա երկու փոքրիկ խորշ։ Կատաղած անասուններին, մանավանդ այն կովերին, որոնք կանգնած հանգիստ չեն մնում կամ հորթին թույլ չեն տալիս ծծելու, բերում կոխում են այս խորշերի մեջ՝ նախապես մոմեր վառելով ժայռի առաջ, որ խելոքանան»: (Նույն տեղում):
Արցախում քարի պաշտամունքի այս օրինակները վկայում են, որ քարը ժողովրդական հավատալիքներում ընկալվել է որպես սրբազան ուժի կրող՝ կապված մարդու, կենդանու և բնության հետ:


