27 Սեպ
2026
22° c ԵՐԵՎԱՆ
16° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԵՄ-ն պատրաստվում է նոր մեխանիզմ ներդնել՝ միգրացիոն ճգնաժամերին արձագանքելու համար

ԵՄ-ն պատրաստվում է նոր մեխանիզմ ներդնել՝ միգրացիոն ճգնաժամերին արձագանքելու համար

Եվրամիության 18 երկրների ներքին գործերի նախարարները Մյունխենում համաձայնեցրել են համատեղ գործողությունների ծրագիր՝ միության արտաքին սահմաններին անօրինական միգրացիայի կտրուկ աճերին դիմակայելու նպատակով. հայտնում է Bild-ը։

Պարբերականի տեղեկություններով՝ նոր եվրոպական ճգնաժամային մեխանիզմի մշակման նախաձեռնողը Գերմանիայի ներքին գործերի նախարար Ալեքսանդր Դոբրինդտն է։ Արտակարգ միջոցների անհրաժեշտության պատճառը 2026 թվականի հուլիսի վերջին Իսպանիայի Սեուտա էքսկլավում տեղի ունեցած միգրացիոն լայնածավալ ճգնաժամն էր, երբ Մարոկկոյից միաժամանակ տասնյակ հազարավոր անօրինական միգրանտներ ներթափանցեցին ԵՄ տարածք։

Համաձայնեցված ծրագիրը ներառում է երեք հիմնական կետ։

Առաջինը նախատեսում է ԵՄ ամբողջ տարածքում միասնական կանոնների ներդրում, որոնք հստակ կսահմանեն և կարձանագրեն արտաքին սահմաններին միգրացիոն ֆորսմաժորային ճնշման առկայությունը։

Երկրորդ կետով առաջարկվում է հատուկ մեխանիզմի գործարկում, որը ճգնաժամային իրավիճակի պաշտոնական ճանաչման դեպքում թույլ կտա հնարավորինս արագ արտաքսել միգրանտներին։

Երրորդ կետը նախատեսում է ԵՄ արտաքին սահմանների վերահսկողության Frontex գործակալության ուժերի օպերատիվ տեղակայում։ Մասնավորապես, նախատեսվում է Frontex-ի կազմում ստեղծել արագ արձագանքման հատուկ ստորաբաժանում, որը պատրաստ կլինի 24 ժամվա ընթացքում օգնության հասնել ճգնաժամից տուժած երկրին։

Bild-ի փոխանցմամբ՝ կանխարգելիչ միջոցառումների իրականացումը բարդանում է Մադրիդի դիրքորոշման պատճառով։

Ռազմագերիներ   Ռազմագերիներ