
Չինաստանը գաղտնի կերպով Իրանից օգնություն է խնդրել Եմենում հուսիներին կանգնեցնելու համար․ Reuters
Սաուդյան Արաբիայի կոչից հետո Չինաստանը գաղտնի կերպով Իրանից օգնություն է խնդրել Եմենում հուսիներին կանգնեցնելու համար․ Reuters-ին հայտնել է իրավիճակին ծանոթ իրանական 3 աղբյուր։
Աղբյուրների համաձայն՝ Էր-Ռիադը Չինաստանից օգնություն է խնդրել այն բանից հետո, երբ հուսիները սկսել են արագորեն առաջ շարժվել Կարմիր ծովի ափին և Բաբ էլ-Մանդեբի նեղուցում՝ վտանգի տակ դնելով Սաուդյան Արաբիայի նավթի արտահանումն ու նավագնացությունը։
Գործակալությունը նշում է, որ Սաուդյան Արաբիայում գտնվող էներգետիկ ենթակառուցվածքների վրա հուսիների հարձակումները շարունակվում են։ Դրանց հետևանքով Սաուդյան Արաբիայում Արևելք-Արևմուտք նավթամուղը փակվել է։
Չինաստանը հրապարակավ կոչ է արել զսպվածություն ցուցաբերել, երկխոսություն վարել և վերականգնել անվտանգ նավագնացությունը, սակայն նրա գաղտնի ուղերձն ավելի հեռուն է գնացել, քան հրապարակային հայտարարությունները։Պեկինը ցանկանում է, որ Իրանն օգտագործի հուսիների վրա ունեցած իր ազդեցությունը՝ կանխելու հակամարտության հետագա տարածումն էներգակիրների տեղափոխման այն ուղիներով, որոնցից կախված է աշխարհի երկրորդ խոշորագույն տնտեսություն ունեցող Չինաստանը։
Աղբյուրները մանրամասներ չեն հայտնել այն մասին, թե ինչպես է փոխանցվել ուղերձը, կամ արդյոք այն փոխանցվել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի՝ Չինաստան կատարած այցի ընթացքում։ Աղբյուրների փոխանցմամբ՝ Թեհրանի պատասխանն այն է եղել, որ տարածաշրջանում կայունությունն ու խաղաղությունը կախված են Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի մղած պատերազմի դադարեցումից։
Չինացի պաշտոնյաները որևէ հստակ սպառնալիք չեն հնչեցրել և չեն ակնարկել, որ Պեկինը կփորձի տնտեսական ճնշում գործադրել Թեհրանի վրա, եթե վերջինս չօգտագործի հուսիների վրա ունեցած իր ազդեցությունը։
Այս թեմայի վերաբերյալ Reuters-ի հարցմանն ի պատասխան՝ Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է. «Չինաստանը չի ցանկանում տեսնել, թե ինչպես է տարածաշրջանային լարվածությունը հետագայում տարածվում դեպի Եմեն և Կարմիր ծով։ Տարածաշրջանային անկայունության սրումը որևէ կողմի շահերից չի բխում։ Պետք է հարգել բոլոր երկրների ինքնիշխանությունն ու անվտանգությունը, և չի կարելի թիրախավորել մարդկանց կենսագործունեության համար կենսական նշանակություն ունեցող օբյեկտները։ Չինաստանը կոչ է անում դադարեցնել իրավիճակն ավելի բարդացնող գործողությունները և հորդորում է խնդիրները լուծել երկխոսության ու բանակցությունների միջոցով»։
Տարածաշրջանում աշխատող արևմտյան բարձրաստիճան դիվանագետն ընդգծել է, որ Պեկինն այն սակավաթիվ մայրաքաղաքներից է, որ դեռ կարող է ճնշում գործադրել Իրանի վրա՝ հուսիներին զսպելու նպատակով։


