28 Դեկ
2024
1.4° c ԵՐԵՎԱՆ
3.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ադրբեջանը ՌԴ-ից պահանջում է ներողություն խնդրել մարդատար ինքնաթիռի կործանման համար

Ադրբեջանը ՌԴ-ից պահանջում է ներողություն խնդրել մարդատար ինքնաթիռի կործանման համար

Ադրբեջանի կառավարական աղբյուրները Euronews-ին հաստատել են, որ Ակտաուում «Ադրբեջանական ավիաուղիների» ինքնաթիռի կործանումը տեղի է ունեցել ռուսական «երկիր-օդ» հրթիռի պատճառով։

Աղբյուրների համաձայն՝ հրթիռը արձակվել է 8432 չվերթի ուղղությամբ՝ Գրոզնիի վրայով անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի ժամանակ։ Հրթիռը պայթել է ինքնաթիռի մոտ, իսկ դրա բեկորները հարվածել են ուղևորներին ու անձնակազմին։

Կառավարության աղբյուրները Euronews-ին հայտնել են, որ խոցված ինքնաթիռին թույլ չեն տվել վայրէջք կատարել ռուսական ոչ մի օդանավակայանում՝ չնայած օդաչուների՝ արտակարգ վայրէջք կատարելու խնդրանքին, և նրան հրամայվել է թռչել Կասպից ծովով դեպի Ղազախստանի Ակտաու ուղղությամբ։

Հաղորդվում է, որ օդանավի GPS նավիգացիոն համակարգերը խցանվել են ծովի վրայով թռիչքի ողջ ընթացքում: Ըստ ադրբեջանական կառավարական աղբյուրների՝ հրթիռն արձակվել է «Պանցիր-Ս» զենիթահրթիռային համակարգից:

Ռուսական աղբյուրների համաձայն՝ երբ AZAL ինքնաթիռը թռչում էր Չեչնիայի վրայով, ռուսական հակաօդային պաշտպանությունն ակտիվորեն փորձում էր խոցել ուկրաինական անօդաչու թռչող սարքերը։

Երկու ամերիկացի պաշտոնյաներ, ովքեր ցանկացել են անհայտ մնալ, հայտնել են ադրբեջանական ԶԼՄ-ներին, որ ԱՄՆ-ի նոր տվյալները ևս ցույց են տալիս, որ ռուսական հակաօդային պաշտպանության համակարգը կարող էր խոցել Ղազախստանում կործանված ադրբեջանական մարդատար ինքնաթիռը:

Բացի այդ՝ հայտնի է դարձել, որ Ադրբեջանը մերժել է Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի առաջարկը Գրոզնի թռչող AZAL ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվածների և վիրավորների ընտանիքներին ֆինանսական օգնություն ցուցաբերելու մասին։

«Ադրբեջանը ոչ մի օգնության կարիք չունի։ Ո՛չ պետությունը, ո՛չ քաղաքացիները չեն ընդունի նման օգնությունը: Մենք տրամադրում ենք և կտրամադրենք մեր քաղաքացիներին անհրաժեշտ օգնությունը: Ադրբեջանը պահանջում է փաստի ճանաչում, ներողություն և համապատասխան փոխհատուցում վճարել», – հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի անանուն ներկայացուցիչը, որին մեջբերել են իշխանամետ լրատվամիջոցները։

Կործանված ինքնաթիռում եղել է 67 մարդ։ Առնվազն 38-ը զոհվել է։