14 Ապր
2026
3° c ԵՐԵՎԱՆ
5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
«Հորմուզի նեղուցի ժամը»․ ինչո՞ւ Իրանն ունի նեղուցի կառավարումն իրականացնելու բնական իրավունք

«Հորմուզի նեղուցի ժամը»․ ինչո՞ւ Իրանն ունի նեղուցի կառավարումն իրականացնելու բնական իրավունք

Միջազգային իրավունքի դոկտրինում ռազմավարական նեղուցները մշտապես հանդիսացել են «նավարկության ազատության» և «առափնյա պետության ինքնիշխանության» շահերի հատման կետ: Այդուհանդերձ, նախքան Հորմուզի նեղուցը համաշխարհային տնտեսության կենսական զարկերակ և միջազգային ջրուղի ճանաչվելը, այն գեոմորֆոլոգիայի և իրավական աշխարհագրության տեսանկյունից հանդիսանում է Իրանի Իսլամական Հանրապետության ինքնիշխան տարածքի և տարածքային ջրերի անբաժանելի մասը:

Մի կողմ թողնելով երկու թշնամական պետությունների անհաջող ռազմական փորձերը՝ վերջերս Բահրեյնի կողմից ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ ներկայացվեց բանաձևի նախագիծ՝ ուղղված այս նեղուցում «նավարկության անվտանգությանն ու անցման ազատությանը», որը, սակայն, կասեցվեց Ռուսաստանի և Չինաստանի վետոյի շնորհիվ: Այս նախագիծը, որն այս օրերին Հորմուզի նեղուցի շուրջ ընթացող իրավական վեճերի ամենակարևոր փաստաթուղթն էր, ձախողվեց հենց Իրանի տարածքային իրավունքներն անտեսելու պատճառով․ գրում է միջազգային իրավունքի դոկտոր Մոհսեն Ասադի Մովահեդն իր «Հորմուզի նեղուցի ժամը» հոդվածում՝ վերլուծելով նեղուցի նկատմամբ Իրանի տարածքային իրավազորության իրավական հիմքերը և հիմնավորելով, թե ինչու Իրանն ունի նեղուցի կառավարումն իրականացնելու բնական իրավունք, և ինչու էր նշված բանաձևի նախագիծը զուրկ իրավական հիմնավորումից:

Իրավական էությունը. ինքնիշխանության բացարձակ տարածումը տարածքային ծովի վրա

Հորմուզի նեղուցի կարգավիճակի վերլուծության մեջ առաջին և մեծագույն ռազմավարական սխալը դրա հանգեցումն է սոսկ միջազգային անցումային ուղու՝ անտեսելով տարածքային պատկանելությունը և փորձելով դրա նկատմամբ կիրառել «բաց ծովի» հայեցակարգը։ Միջազգային սովորութային իրավունքի անվիճելի կանոնների և ՄԱԿ-ի 1982թ. Ծովային իրավունքի մասին կոնվենցիայի (UNCLOS) 3-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր երկրի տարածքային ծովի լայնությունը տարածվում է մինչև 12 ծովային մղոն։

Հաշվի առնելով, որ Հորմուզի նեղուցի լայնությունն իր ամենանեղ կետում ընդամենը մոտ 21 ծովային մղոն է, Իրանի և Օմանի տարածքային ջրերի համընկնումը հանգեցնում է նրան, որ այս նեղուցի և ոչ մի հատված, ըստ էության, չի դասվում «բաց ծովի» (High Seas) շարքին։ Իրավական տեսանկյունից 1982թ. կոնվենցիայի 2-րդ հոդվածը հստակ սահմանում է, որ առափնյա պետության ինքնիշխանությունը ցամաքային տարածքից և ներքին ջրերից այն կողմ տարածվում է նաև տարածքային ծովի, դրա հատակի, ընդերքի և օդային տարածքի վրա։ Հետևաբար, Հորմուզի նեղուցի հյուսիսային կեսի նկատմամբ Իրանի օրենսդրական և գործադիր իրավազորությունն ունեն բացարձակ ու բնական բնույթ, իսկ օտարերկրյա նավերի անցման իրավունքը սոսկ սահմանափակ բացառություն է այս ինքնիշխան կանոնից, այլ ոչ թե դրա խախտում կամ սահմանափակում։

«Անմեղ անցման» սկզբունքայնությունը և Իրանի իրավունքը՝ կանխելու անօրինական անցումը

Հորմուզի նեղուցում Իրանի իշխանության առանցքը կայանում է նավերի անցումը կարգավորող իրավական ռեժիմի մեջ։ Մինչ 1982թ. Կոնվենցիան ներմուծեց «տարանցիկ անցման» հայեցակարգը, Իրանի Իսլամական Հանրապետությունը, հիմնվելով «պայմանագրերի հարաբերական ազդեցության» հիմնարար սկզբունքի վրա (Pacta Tertiis Nec Nocent Nec Prosunt), որևէ իրավական պարտավորություն չունի ճանաչելու այդ ռեժիմը Կոնվենցիային չանդամակցող երկրների (այդ թվում՝ ԱՄՆ-ի) նկատմամբ։

Իրանի իրավական դոկտրինը և գործնական մոտեցումը հստակ են. Հորմուզի նեղուցում գործող ռեժիմը, համաձայն սովորութային նորմերի և Ժնևի 1958թ. կոնվենցիայի, համարվում է «առանց կասեցման իրավունքի անմեղ անցման» (Non-suspendable Innocent Passage) ռեժիմ։ Այս պայմաններում օտարերկրյա նավը պարտավոր է անվերապահորեն պահպանել առափնյա պետության օրենքները։ Ցանկացած գործողություն, որը խաթարում է Իրանի «խաղաղությունը, կարգն ու անվտանգությունը», խախտում է համարվում։ Դա Իրանին տալիս է անվիճելի իրավական իրավունք՝ համաձայն 1958թ. Կոնվենցիայի 25-րդ հոդվածի, հարկադրանքի միջոցով կանխելու նման անցումը։

Ծովային մոնիթորինգ և իրավական իրավազորության իրականացում

Իրանը, որպես իր տարածքային ջրերի անվիճելի տիրակալ, իրականացնում է ինքնիշխան իրավունքների օրինական գործադրում, որը ներառում է.

  1. Ծովային միջավայրի պաշտպանություն. Միջազգային կանոնակարգերը (օրինակ՝ MARPOL) խախտող նավերի կալանում տարածքային ջրերում։
  2. Նավագնացության անվտանգություն. Երթևեկության տարանջատման սխեմաների (TSS) պահպանման պահանջ և պատժամիջոցներ այն նավերի նկատմամբ, որոնք, անջատելով AIS համակարգերը, վտանգում են նեղուցի անվտանգությունը։
  3. Օրենքի կիրառում. Պայքար մաքսանենգության դեմ և ներպետական մաքսային ու քրեական օրենսդրության կիրառում։

Բանաձևի նախագծի ոչ լեգիտիմությունն ու անօրինականությունը

Բահրեյնի առաջարկած բանաձևի նախագիծը ոչ այլ ինչ էր, քան առափնյա պետությանն իրավազորությունից զրկելու (De-jurisdiction) անօրինական փորձ։ Այն ունի հետևյալ հիմնարար թերությունները.

  • Ինքնիշխանության խախտում. Նեղուցի իրավական ռեժիմն առանց առափնյա պետությունների համաձայնության փոխելու փորձը ՄԱԿ-ի կանոնադրության 2-րդ հոդվածի 7-րդ կետի (չմիջամտելու սկզբունքի) կոպիտ խախտում է։
  • Հակասություն պայմանագրերին. Անվտանգության խորհուրդն իրավասու չէ քաղաքական բանաձևերով վերախմբագրել ծովային իրավունքի հաստատված սովորութային նորմերը։
  • Իրավական հասկացությունների չարաշահում. «Անցման ազատություն» եզրույթն օգտագործվում էր որպես քող՝ Իրանի տարածքային ջրերում արտատարածաշրջանային ռազմական նավատորմերի անխոչընդոտ տեղաշարժն ապահովելու համար։

Բանաձևի վետոն՝ որպես պետությունների ինքնիշխան հավասարության պաշտպանություն

Ռուսաստանի և Չինաստանի կողմից այս բանաձևի նկատմամբ վետոյի կիրառումն անհրաժեշտ քայլ էր՝ ուղղված միջազգային ծովային իրավունքի կառուցվածքի պահպանմանը։ Այս վետոն թույլ չտվեց, որ Անվտանգության խորհուրդը դառնա գործիք՝ ինքնիշխան պետությունների տարածքային ջրերում միջամտությունը լեգիտիմացնելու համար։ Նման բանաձևի ընդունումը կարող էր ստեղծել վտանգավոր նախադեպ՝ թույլ տալով տերություններին ՄԱԿ-ի լծակներով յուրացնել առափնյա պետության ինքնիշխան իրավունքներն ամբողջ աշխարհում:

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026