
Հայաստանի ընտրությունը. բարձր խաղադրույքներ հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններից առաջ․ զեկույց
Հայաստանը խորհրդարանական ընտրություններ կանցկացնի 2026 թվականի հունիսի 7-ին, որը համարվում է խիստ կարևոր քվեարկություն Հարավային Կովկասի հանրապետության ապագայի և նրա աշխարհաքաղաքական դիրքորոշման համար․ նշվում է Եվրոպական խորհրդարանական հետազոտական ծառայության (EPRS)՝ «Հայաստանի ընտրությունը. բարձր խաղադրույքներ 2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններից առաջ» զեկույցում։
Ըստ դրա՝ Նիկոլ Փաշինյանը «Հայաստանը տարել է ներքին արդիականացման և ժողովրդավարացման, ինչպես նաև իր պատմական թշնամու՝ Ադրբեջանի հետ խաղաղ համակեցության ուղով»։
2022 թվականից ի վեր Փաշինյանն արագացրել է իր զգուշավոր, բայց հաստատուն հեռացումը Ռուսաստանից և հետապնդել է ավելի ցայտուն արևմտամետ ուղղություն, մասնավորապես՝ խորացնելով իր գործընկերությունը ԵՄ-ի հետ։ Փաշինյանի քաղաքական կուսակցությունը՝ «Քաղաքացիական պայմանագիրը», հասարակական կարծիքի հարցումներում ֆավորիտն է, թեև նրա աջակցությունը նվազում է՝ հասնելով մոտ 30%-ի, ինչը, եթե հաստատվի, անհնար կդարձնի միայնակ կառավարելը և Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքման համար անհրաժեշտ սահմանադրական փոփոխություններ անելու գործընթացը։
Չկողմնորոշված ընտրողների մեծ թիվը կանխատեսումները դարձնում է անվստահելի։ Դիտարկվում է մի քանի սցենար, այդ թվում՝ ընտրությունների անհավանական, բայց հնարավոր երկրորդ փուլ, եթե կայուն խորհրդարանական մեծամասնություն չձևավորվի։ Հայաստանի կառավարությունը, ինչպես նաև ներքին և միջազգային դիտորդները զգուշացրել են, որ Ռուսաստանը, հետևելով Մոլդովայի հետ իր փորձին, իրականացնում է ավելի ագրեսիվ միջամտության և մանիպուլյացիայի արշավներ։
Զուգահեռաբար՝ Կրեմլը բացահայտորեն զգուշացնում է Հայաստանին «եվրոպամետ ուղի ընտրելու զգալի գնի մասին»։ Նշվել է նաև, որ ԵՄ-Հայաստան առաջին գագաթնաժողովը տեղի է ունեցել Երևանում 2026 թվականի մայիսի 5-ին։ Այն վերահաստատել է երկու կողմերի «հավատարմությունը 2025 թվականի դեկտեմբերին ընդունված ԵՄ-Հայաստան ռազմավարական օրակարգին՝ զգալիորեն ընդլայնելով համագործակցության ոլորտները և մեծացնելով ուշադրությունն անվտանգության վրա»։
Ընտրություններին ուշադիր կհետևեն տեղական և միջազգային դիտորդներ, այդ թվում՝ Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) երկարաժամկետ դիտորդական առաքելությունը, որին կմիանա Եվրոպական խորհրդարանի անդամների պատվիրակությունը։
Քաղաքական օրակարգը բնութագրվում է իշխող կուսակցության և նրա հակառակորդների միջև խիստ բևեռացմամբ և խիստ տարամիտ պատմություններով, ինչպես նաև քաղաքացիների՝ քաղաքականությունից զգալի հեռացմամբ։ Հիմնական բևեռացնող հարցերը կապված են Փաշինյանի կառավարության կողմից Ադրբեջանի հետ բանակցություններում արված զիջումների հետ։ Այնուամենայնիվ, խաղաղության պայմանագրի վերջնական ստորագրումը և վավերացումը կախված է Բաքվի պահանջից՝ փոփոխել Հայաստանի սահմանադրությունը։ Ընդդիմադիր կուսակցությունները դա համարվում են դավաճանություն։
Փաշինյանին անհրաժեշտ կլինի ուժեղ մանդատ ընտրություններում՝ 2026 կամ 2027 թվականների սահմանադրական հանրաքվեում առաջ շարժվելու և հաղթելու համար։ Իշխող կուսակցությունն Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացը ներկայացնում է որպես «Իրական Հայաստանի» գաղափարախոսության էական բաղադրիչ։ Այսպիսով՝ իշխող կուսակցությունն ընտրությունները ներկայացնում է որպես ընտրություն խաղաղության և բարգավաճման և հակամարտության հավերժացման միջև՝ որակելով ընդդիմադիր ուժերին որպես «պատերազմի կուսակցություններ», որոնք կխափանեն խաղաղության գործընթացը։
Ընդդիմադիր կուսակցությունները սա մերժում են՝ որակելով որպես վախի մարտավարություն, և քարոզում են արժանապատիվ խաղաղություն, ինչը ենթադրում է, որ Ադրբեջանին որևէ զիջում չի լինի։
Քաղաքական բանավեճը նշանավորվել է նաև Հայաստանի կառավարության և Հայ առաքելական եկեղեցու բարձրաստիճան պաշտոնյաների միջև լարվածության սրմամբ, որը երկրի ամենահուսալի և պատմականորեն կարևոր հաստատություններից մեկն է։
Արտաքին քաղաքականության կողմնորոշումը նույնպես հիմնական ուշադրության կենտրոնում է ընտրարշավում։ Զուգահեռաբար՝ Հայաստանում հայտնաբերվել են Ռուսաստանի գլխավորությամբ բազմաթիվ արտաքին ազդեցության հիբրիդային գործողություններ։
2026 թվականի հունիսի ընտրությունները կլինեն ինչպես տեղական, այնպես էլ միջազգային դիտորդների դիտակետում։


