
Ողբ, անկում և կորուստ․ ի՞նչ են ընթերցում Փաշինյանն ու Աննա Հակոբյանը և ի՞նչ սիմվոլիզմ կա
Նիկոլ Փաշինյանն այսօր ֆեյսբուքյան էջում հերթական կարճ հոլովակն է տեղադրել աշխատանքային իր առօրյայի մասին։ Դրանում երևում է, թե ՀՀ կառավարության ղեկավարն ինչ գիրք է կարդում Կառավարության նիստին գնալուց առաջ։
Մկրտիչ Նաղաշ․ այսպիսին է Փաշինյանի ընտրությունն այսօր։
Վերհիշենք՝ ով է Մկրտիչ Նաղաշն ու ի՞նչ ստեղծագործությամբ է հայտնի։
Մկրտիչ Նաղաշը աստվածաբան էր, հայտնի որմնանկարիչ, բանաստեղծ և Կիլիկյան Հայաստանի վերջին նշանավոր մշակութային գործիչներից մեկը։ Եղել է Սիս քաղաքի Կաթողիկոսության առաջնորդներից և Աղթամարի կաթողիկոսը։ Փաշինյանի ընթերցած գիրքը պատմում է Հայաստանի ողբերգական վիճակի, Կիլիկիայի հայկական պետության անկման և հայ ժողովրդի ծանր դրության մասին։ «Ողբ Սիսու» այսինքն՝ Սիսի ողբը… Մովսես Խորենացու «Ողբի» նման, Նաղաշը ցույց է տալիս, որ պետության կորուստը միայն քաղաքական իրադարձություն չէ, այլ ազգային ինքնության ճգնաժամ։
Ի դեպ, Խորենացու «Ողբն» էլ հաճախ է սիրում ընթերցել ու մեջբերել Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը։ Կրթվելու արշավի շրջանակներում Աննա Հակոբյանը «Ողբից» հատվածներ էր կարդացել հանրային կարծիք ձևավորող անհատների հետ հանդիպմանը։
Աննա Հակոբյանը նաև «Երկիր Նաիրի» է ընթերցում ու այդ մասին գրառումներ անում։ Մի անգամ հիշատակել էր, թե ինչպես է գիրքը մոռացել ինքնաթիռում՝ Ռեյկավիկի ճանապարհին ու գրել էր, թե կարծես «իր երկիր Նաիրին անտեր է թողել օտարների մեջ…»։ Հետո Կարսի անկման մասին հատվածներն էր ներկայացրել սոցցանցերի իր էջերում։
Աննա Հակոբյանը նաև Էնշտեյն է կարդում։ Նրա հրապարակած լուսանկարից հետո, սակայն, նույն գիրքը հայտնվում էր Բաքվում հայ գերիների սեղանին։
Ի դեպ, սա Էնշտեյնի հետ կապված միակ զուգադիպությունը չէր։
«Իրերի կապոցը միակ բանը չէ, որ փախստականը բերում է իր նոր երկիր»,-նման գրությամբ շապիկով լուսանկար Աննա Հակոբյանը հրապարակել էր 2023-ի հուլիսին՝ արցախցիների փախստական դառնալուց կարճ ժամանակ առաջ։