
Եթե Իրանը միջուկային գործարքի չգնա, կլինեն ռմբակnծություններ, որոնք նրանք նախկինում չեն տեսել. Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի օրը սպառնացել է Իրանին ռմբակոծություններով և երկրորդական մաքսատուրքերով, եթե Թեհրանը համաձայնության չգա Վաշինգտոնի հետ իր միջուկային ծրագրի շուրջ, գրում է Reuters-ը:
Թրամփի սպառնալիքները հնչել են այն բանից հետո, երբ անցած շաբաթ Իրանը մերժել է Վաշինգտոնի հետ ուղիղ բանակցությունները վարելու առաջարկը:
NBC News-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ և Իրանի պաշտոնյաները զրուցում են, բայց մանրամասներ չի ներկայացրել:
«Եթե նրանք գործարքի չգնան, ապա ռմբակոծություններ կլինեն: Ռմբակոծություն կլինի այնպիսին, ինչպիսին նրանք նախկինում չեն տեսել», – ասել է Թրամփը։
Նախօրեին Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն ասել էր, որ Թեհրանը Թրամփին ուղղված պատասխան նամակում մերժել Է Վաշինգտոնի՝ միջուկային ծրագրի շուրջ ուղիղ բանակցություններ վարելու առաջարկը: Բանակցությունների պատուհանը բաց է միայն երրորդ երկրների միջնորդությամբ:
Մինչդեռ դրանից առաջ ԱՄՆ նախագահն ասել էր, որ «վատ բաներ կարող են պատահել Իրանի հետ», եթե երկրի իշխանությունները համաձայնության չգան Վաշինգտոնի հետ Թեհրանի վիճահարույց միջուկային ծրագրի վերաբերյալ։
ԱՄՆ նախագահը հիշեցրել էր, թե ինչպես է նամակ ուղարկել Իրանի իշխանություններին, որում ասել է, որ այսպես թե այնպես պետք է որոշում կայացվի։ Թրամփը նշել է, որ կա՛մ Վաշինգտոնն ու Թեհրանը կխոսեն ու կքննարկեն հարցեր, կա՛մ էլ շատ վատ բաներ կկատարվեն Իրանի հետ։
«Ես չեմ ցանկանում, որ դա տեղի ունենա, նախընտրում եմ, որ մենք պայմանավորվենք Իրանի հետ: Բայց եթե հարցը չլուծենք, վատ, վատ բաներ կպատահեն Իրանի հետ», – նշել է ԱՄՆ նախագահը, որի նպատակն է թույլ չտալ Թեհրանին միջուկային զենք ստեղծել: