19 Ապր
2025
11.4° c ԵՐԵՎԱՆ
-2.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իրանը պատրաստ է բանակցությունների ԱՄՆ-ի հետ, սակայն ուրանի հարստացման սկզբունքը քննարկման ենթակա չէ․ Արաղչի

Իրանը պատրաստ է բանակցությունների ԱՄՆ-ի հետ, սակայն ուրանի հարստացման սկզբունքը քննարկման ենթակա չէ․ Արաղչի

Իրանը պատրաստ է սկսել ԱՄՆ-ի հետ ապագա համաձայնագրի պայմանների քննարկումը, եթե Վաշինգտոնը կառուցողական դիրքորոշում ընդունի և չպնդի միջուկային ծրագրի ամբողջական վերացման վրա. հայտարարել է Իսլամական Հանրապետության Արտաքին գործերի նախարարության ղեկավար Աբբաս Արաղչին։

«Մենք կկարողանանք բանակցություններ սկսել հնարավոր գործարքի շուրջ, եթե ամերիկացիները կառուցողական դիրքորոշում դրսևորեն: Իրանի ուրանի հարստացման հարցը իրական հարց է, և մենք պատրաստ ենք աշխատել վստահության ամրապնդման վրա՝ չնայած որոշ մտահոգություններին: Բայց հարստացման սկզբունքն ինքնին քննարկման ենթակա չէ», – նշել է Արաղչին, ում խոսքերը մեջբերել է ТАСС– ը։

Արաղչիի խոսքով՝ ամերիկյան կողմը շարունակում է հակասական հայտարարություններ անել Իրանի նկատմամբ իր պահանջների վերաբերյալ, սակայն «բանակցությունների սեղանի շուրջ բոլոր դիրքորոշումներն ավելի պարզ են դառնում»։ Թեհրանը ոչ մի ճնշման չի ենթարկվի Օմանի այս խորհրդակցությունների ժամանակ, հավելել է Իրանի արտգործնախարարը։

Ավելի վաղ Մուսկատում բանակցություններում ամերիկյան պատվիրակության ղեկավար, ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Վիտկոֆն իր X-ի էջում գրել էր, որ Վաշինգտոնի պայմաններով նոր միջուկային համաձայնագրի կնքումը կնշանակի իրանական ուրանի հարստացման ծրագրի վերացում։

Ապրիլի 12-ին Օմանում բանակցություններ են տեղի ունեցել Թեհրանի և Վաշինգտոնի ներկայացուցիչների միջև՝ իրանական միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորման համար։ Իրանական պատվիրակությունը գլխավորել է Արաղչին, ԱՄՆ-ինը՝ Վիտկոֆը։ Ըստ Իսլամական Հանրապետության Արտաքին գործերի նախարարության հաղորդակգրության՝ հանդիպումն անցել է կառուցողական և հանգիստ մթնոլորտում, և կողմերը պայմանավորվել են շարունակել խորհրդակցությունները։ Բանակցությունների երկրորդ փուլը նույնպես տեղի կունենա Օմանում ապրիլի 19-ին։

Ռազմագերիներ