
Տուժածներից մեկը 100.000 դոլարից ավելի է կորցրել. մեդիափորձագետը խաբեության նոր ձևի մասին մանրամասներ է հայտնել
Կեղծ WhatsApp, Viber հաշվով ստեղծում են Ձեր մտերիմ մարդու կրկնօրինակը և կապվում Ձեզ հետ. այստեղից սկսվում է ողջ պատմությունը. մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանն ահազանգում Է թիրախային հարձակումների մասին:
Ձեր մտերիմի կրկնօրինակը ներկայացնում է, թե ԱԱԾ-ն ինչ-որ հետաքննություն է անում, քանի որ Ադրբեջանից գումար են փոխանցել Հայաստան, բայց իբր թե նա ԱԱԾ-ին բարեխոսել է, և ամեն ինչ կարգին է, ուղղակի պետք է համագործակցել: Հետո զանգում են ենթադրյալ ԱԱԾ-ից՝ խոսելով ռուսերեն, պատճառաբանում են, թե հայ-ադրբեջանական միասնական գործողություն է, դրա համար պետք է ռուսերեն խոսել, որպեսզի արձանագրվի այդ ամենը:
ABC Media-ի հետ զրույցում մեդիափորձագետը պարզաբանեց, թե ինչպես են գումար կորզում:
«Խաբեության երկրորդ արարում զանգողն ասում է, որ զեղծարարները Ձեր հաշվին մեծ գումար են փոխանցել՝ մի քանի միլիոն դոլարին մոտ: Առաջարկվում է համագործակցել. իրական գումարը ամբողջությամբ հանել Ձեր հաշվից ու փոխանցել իրենց տված հաշվին, որպեսզի չխառնվի կասկածելի գումարի հետ: Տրամադրված նոր հաշիվը ներկայացնում են որպես ԱԱԾ-ի հատուկ հաշիվ: Փոխանցելուց հետո, բնականաբար, կարող եք մոռանալ գումարի մասին»,-մանրամասնեց նա:
Այսօր ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նմանատիպ խարդախության մասին գրառում արեց Ֆեյսբուքում: «Հարգելի՛ քաղաքացիներ, իմ անունով, օգտագործելով իմ լուսանկարը, կեղծ հաշիվներ են բացվել տարբեր հարթակներում։ Այդ հաշիվներից գրում են տարբեր մարդկանց՝ տարբեր թեմաներով։ Ինչպես, օրինակ՝ իրավապահ կառույցների արտակարգ ստուգումների մասին։ Խնդրում եմ նման հաղորդագրություններ ստանալու դեպքում արգելափակել այդ հաշիվներից եկող հաղորդագրությունները և չարձագանքել դրանց»։
Հարցին՝ արդյոք Ժաննա Անդրեասյանի նշած դեպքը կապ ունի՞ իր նկարագրած սխեմայի հետ, մեդիափորձագետը պատասխանեց, որ չի կարող ասել. գրվածից կոնկրետ չի երևում, թե ինչի մասին է խոսքը:
«Տուժողները շատ չեն, շատ են մարդիկ, որոնց գրել և զանգել են, բայց մեծամասնութունը ինչ-որ պահի հասկացել է, որ մի բան այն չէ»,-ասել է մեդիափորձագետը:
Ինքը՝ Մարտիրոսյանը, գիտի երկու տուժածի մասին, որոնցից մեկը կորցրել է 100.000 դոլարից ավելի գումար: Հիմնական դեպքերում թիրախավորվում են քաղհասարակության եւ մամուլի ներկայացուցիչները:
Նույն զգուշացումը Մարտիրոսյանն արել էր տասը օր առաջ, սակայն դեպքերը շարունակվում են:


