30 Ապր
2026
15° c ԵՐԵՎԱՆ
11° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Պատերա՞զմն է մեղավոր․ ինչո՞վ է պայմանավորված ընտանեկան բռնության աճը Հայաստանում

Պատերա՞զմն է մեղավոր․ ինչո՞վ է պայմանավորված ընտանեկան բռնության աճը Հայաստանում

2024 թվականին Հայաստանում գրանցվել է ընտանեկան բռնության դեպքերի կտրուկ աճ։ Այս միտումը շարունակվում է նաև այս տարի։ Մարդու իրավունքների պաշտպանները սա ամենից հաճախ կապում են 2020 թվականին Լեռնային Ղարաբաղի շուրջ պատերազմի հետևանքների հետ․ գրում է Deutsche Welle-ն։

ՀՀ գլխավոր դատախազության վիճակագրությունը ցույց է տալիս ընտանեկան բռնության աննախադեպ՝ 168 տոկոս աճ 2024 թվականին։ Ֆիզիկական բռնության՝ ամենատարածված ձևի դեպքերի թիվը 2024 թվականին աճել է 151 տոկոսով, մինչդեռ ընտանեկան բռնության հետևանքով սպանությունները 2023 թվականի 3-ից 2024 թվականին հասել են 13-ի։ Սա ամենաբարձր ցուցանիշն է 2018 թվականից ի վեր։

Մարդու իրավունքների պաշտպանները նշում են, որ նման խախտումների կտրուկ աճ է գրանցվել 2020 թվականի պատերազմից հետո, ինչպես նաև հայ-ադրբեջանական սահմանին հետագա սրացումներից և 2023 թվականին Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի սանձազերծած հարձակումից հետո։ Վերջինս հանգեցրել է կապիտուլյացիայի և գրեթե ամբողջ հայ բնակչության՝ ավելի քան 120,000 մարդու զանգվածային արտագաղթի, որոնք հիմնականում ապաստան են գտել Հայաստանում։

ՀՀ գլխավոր դատախազությունը DW-ին հայտնել է, որ չունի վերլուծական տվյալներ ընտանեկան բռնության աճը բացատրելու համար։ Միևնույն ժամանակ՝ մարդու իրավունքների պաշտպանները դա կապում են 2020 թվականի պատերազմի և դրա հետևանքների հոգեբանական ազդեցության հետ, քանի որ միջազգային փորձը ցույց է տալիս, որ ընտանեկան բռնությունը հաճախ աճում է հակամարտությունից 3-5 տարի անց։

«Բռնության աճը, որը դրսևորվում է երեքից հինգ տարի անց, կապված է ինչպես հետտրավմատիկ սթրեսային խանգարման (PTSD), այնպես էլ պատերազմի սոցիալ-տնտեսական հետևանքների, ինչպես նաև հետևողական և զարգացած աջակցության համակարգի բացակայության հետ», – DW-ի հոտ զրույցում նշել է Երևանի կանանց աջակցության կենտրոնի աշխատակից Զառա Հովհաննիսյանը։ Նրա խոսքով՝ իրավիճակն «ավելի բարդ է» Լեռնային Ղարաբաղից փախստականների ընտանիքներում։

«Շատ տղամարդիկ ծառայել են բանակում, ականատես են եղել զինված հակամարտության, բայց երբեք որևէ աջակցություն չեն ստացել: Կանայք միշտ հաշտվել են գոյատևման անհրաժեշտության և վախի հետ՝ տարիներ շարունակ լռելով, և այժմ, կորցնելով ամեն ինչ, բախվում են նյութական և տնտեսական դժվարությունների: Այս բոլորը գործոններ են, որոնք ազդում են դեպքերի ծանրության վրա»,- նշել է Հովհաննիսյանը:

Միջազգային կազմակերպությունների հետազոտությունները հաստատում են ընտանեկան բռնության աճը զինված հակամարտությունների ընթացքում և դրանից հետո: Այս միտումը նշվել է Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) 2020 թվականի՝ «Կանանց նկատմամբ բռնության ակնարկ» զեկույցում, որը վերլուծում է հակամարտության ազդեցությունը բռնության ենթարկված կանանց փորձի վրա: Վիճակագրությունը ցույց է տալիս, որ հակամարտությունից հետո հինգ տարիների ընթացքում զուգընկերոջ կողմից բռնությունն աճում է մինչև 54%-ով՝  հակամարտությունից առաջ և ընթացքում գրանցված 25%-ից պակասի համեմատ: ԵԱՀԿ ներկայացուցիչը DW-ին հայտնել է, որ նույն 2020 թվականի զեկույցի արդյունքները ցույց են տվել, որ հակամարտությունից տուժած կանայք, մասնավորապես՝ փախստականներն ու տեղահանված կանայք, «բախվել են ավելի բարձր աստիճանի դաժանության»:

«Զեկույցը նաև ընդգծում է հակամարտության ընթացքում և դրանից հետո բռնության վերաբերյալ քննարկումների շուրջ առկա մշտական տաբուն, ինչը նպաստում է հաղորդումների ցածր մակարդակին և աջակցության ծառայություններին սահմանափակ հասանելիությանը»,- DW-ին հայտնել են ԵԱՀԿ-ից:

Զինված հակամարտությանը մասնակցելը երկարատև ֆիզիկական և հոգեբանական հետևանքներ ունի շատ տղամարդկանց համար։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026