
Խուզարկություն իրականացնելիս իրենց հետ կրիչ են բերել․ Armat Media-ի խմբագիրը մանրամասներ է հայտնել
«Խուզարկություն իրականացնելիս իրենց հետ ինչ-որ կրիչ են բերել, դրել մեր համակարգչում, ես տեսնում էի՝ ինչպես են ստուգում մեր տելեգրամյան աշխատանքային խումբը։ Ինձ անգամ թույլ չտվեցին, որպեսզի զանգահարեմ փաստաբանին ու տեղեկացնեմ խմբագրությունում կատարվողը»,- լրագրողների հետ զրույցում ասել է Armat Media-ի խմբագիր Աղավնի Սուքիասյանը։
Նա պատրաստվում էր հարցազրույցի գնալ, երբ ԱԱԾ աշխատակիցներն ու քննիչները մտել են խմբագրություն։
Գլխավոր խմբագիր Նելլի Ավետիսյանը կատարվածը խոսքի ազատության դեմ գործողություն է որակել։
«Սա կարող է կատարվել մյուս բոլոր լրատվականերում, սա ճնշում ու ապօրինություն է»,- ասել է գլխավոր խմբագիրը։
Պարալիզացված է խմբագրության աշխատանքը, առգրավել են 11 հեռախոս, 2 աշխատանքային համակարգիչ։ Խուզարկությունը խմբագիրների աշխատասենյակում ավարտվել է, բայց լրագրողների աշխատասենյակը շարունակում է փակ մնալ։


