26 Նոյ
2024
9.4° c ԵՐԵՎԱՆ
2.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Արարատ Միրզոյանը կարևորել է Մերձավոր Արևելքի դերը ՀՀ-ի արտաքին քաղաքականության մեջ

Արարատ Միրզոյանը կարևորել է Մերձավոր Արևելքի դերը ՀՀ-ի արտաքին քաղաքականության մեջ

Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության օրակարգում իր ուրույն տեղն ունի Մերձավոր Արևելքի տարածաշրջանը: Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳՆ-ն ամփոփելով 2023 թվականի իրադարձությունները։

Կայացել են նախարար Միրզոյանի այցերը Եգիպտոս, Սիրիա, Արաբական Միացյալ Էմիրություններ և Բահրեյն:

ՀՀ անկախության շրջանում առաջին անգամ ՀՀ ԱԳ նախարարը մասնակցել է Արաբական պետությունների լիգայի խորհրդի նախարարական մակարդակով նիստին:

Հիշեցնենք, որ նախարար Միրզոյանի այցը Սիրիայի, մասնավորապես Դամասկոս և Հալեպ քաղաքներ կայացավ փետրվարի 6-ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից հետո, և այցի ժամանակ նախարարը փոխանցեց ՀՀ կառավարության կողմից տրամադրված հումանիտար աջակցությունը:

Ի թիվս այլ միջազգային պայմանագրերի, ստորագրվել է ՀՀ և Արաբական Միացյալ Էմիրությունների քաղաքացիների համար մուտքի վիզայի պահանջի փոխադարձաբար վերացման մասին արձանագրությունը, որը շուտով՝ փետրվարի 1-ին ուժի մեջ կմտնի:

Բազմակողմ հարթակներում կայացել են նաև նախարար Միրզոյանի հանդիպումները Հորդանանի, Լիբանանի, Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարների, Արաբական պետությունների լիգայի և Ծոցի համագործակցության խորհրդի գլխավոր քարտուղարների հետ:

Դիվանագիտական հարաբերություններ են հաստատվել Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև:

Տարվա ընթացքում կայացել են քաղաքական խորհրդակցություններ Օմանի և Թունիսի արտաքին գործերի փոխնախարարների մակարդակով՝ փոխնախարար Վահան Կոստանյանի համանախագահությամբ: