15 Ապր
2026
7° c ԵՐԵՎԱՆ
6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Թուրքիայի և Ադրբեջանի հակասությունները Կոսովոյի անկախության հարցում

Թուրքիայի և Ադրբեջանի հակասությունները Կոսովոյի անկախության հարցում

«Գեղարդ» հիմնադրամը Կոսովոյի անկախության հարցով Թուրքիայի և Ադրբեջանի հակասությունների մասին հոդված է հրապարակել, ինչը ներկայացնում ենք ստորև․

«Կոսովոյի խորհրդարանն անկախության մասին հռչակագիրն ընդունել է 2008 թվականի փետրվարի 17-ին։ Հաջորդ օրը Թուրքիան ողջունել է հռչակագրի ընդունումը և որոշել պաշտոնապես ճանաչել Կոսովոյի Հանրապետության անկախությունը։ Հետագա տարիներին Թուրքիան Կոսովոյի համար դարձել է անվտանգության երաշխավորներից մեկը: Անկարան Պրիշտինայի ռազմական առանցքային գործընկերն ու սպառազինության հիմնական մատակարարն է: Թուրքական ուժերը մեծապես ներգրավված են Կոսովոյի տարածքային և հասարակական անվտանգության ապահովման գործընթացներում: Թուրքիան, անշուշտ, Կոսովոյի հարցում ունի սեփական շահերը: Իր հերթին Կոսովոն Թուրքիան դիտարկում է որպես աջակից` ոչ միայն անվտանգության ապահովման և ռազմական ուժերը ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխանեցման հարցերում, այլև` անկախության միջազգային ճանաչման գործընթացում:

Ադրբեջանը, սակայն, չի կիսում Թուրքիայի մոտեցումներն այս հարցում: Դեռ 2008 թվականի փետրվարի 18-ին՝ Թուրքիայի կողմից Կոսովոյի անկախության ճանաչման օրը, Ադրբեջանը հայտարարել էր, որ ինքը չի ճանաչում Կոսովոյի անկախությունը։ Արտաքին գործերի նախարարության խոսնակը նշել էր, որ Կոսովոյի ինքնակառավարման ժամանակավոր մարմնի կողմից Սերբիայից անջատման վերաբերյալ բանաձևը հակասում է միջազգային իրավունքին։
Անկախության միակողմանի հռչակման օրինականությունը քննարկելու նպատակով Հաագայի միջազգային դատարանում 2009 թվականին կայացած լսումների ժամանակ Բաքուն վերահաստատել էր իր դիրքորոշումը: Ադրբեջանական կողմի համոզմամբ` ներքին օրենքների խախտմամբ անջատում հայտարարող մարզը չի կարող համարվել պետություն:

Ադրբեջանի և Թուրքիայի մոտեցումներում նմանատիպ հակասությունները չեն սահմանափակվում միայն Կոսովոյի անկախության հարցով: «Եղբայրական» բնութագրվող այս երկու երկրների անհամաձայնություններն ընդգրկում են նաև Հայաստանի հետ կարգավորման գործընթացը, Հյուսիսայի Կիպրոսի Թուրքական Հանրապետության անկախությունը, Իսրայելի հետ հարաբերությունները, քրդական հարցը և այլն: Սակայն Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման շրջանակներում Անկարան և Բաքուն կարողանում են իրենց քաղաքականությունները համադրել։ Թուրքական կողմը, օրինակ, Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը, թեկուզև Բաքվի ճնշմամբ, պայմանավորում է Հայաստանի և Ադրբեջանի միջև գործընթացով. Ադրբեջանի սերտ գործընկեր և քրդական պետության ստեղծման ջատագով Իսրայելի և նրա հակառակորդ Թուրքիայի միջև խնդիրները չեն խոչընդոտում նրանց տնտեսական համագործակցությանը, իսկ Հյուսիսային Կիպրոսի հարցում Բաքուն առերևույթ չի բացառում անկախության ճանաչումը: Կոսովոն այս համատեքստում ուշագրավ է նրանով, Ադրբեջանը շարունակում է պնդել, որ երբեք չի ճանաչի Կոսովոյի անկախությունը: Ավելին` հակամարտության մյուս կողմին՝ Սերբիային, դիվանագիտական աջակցություն է ցուցաբերում տարածքային ամբողջականության վերականգնման հարցում` արժանանալով սերբական կողմի գնահատանքին:

Ադրբեջանը Կոսովոյի հարցում ի սկզբանե որդեգրած քաղաքականությունը մեկնաբանել է Ղարաբաղի հակամարտության շրջանակներում: Կոսովոյի կարգավիճակի վերաբերյալ քննարկումների ընթացքում Բաքուն փորձել է թույլ չտալ «նախադեպի» ստեղծումը: Դեռ 2007 թվականին ադրբեջանական կառավարությունը Եվրոպական միությանը (ԵՄ) կոչ էր արել մերժել Կոսովոյին անկախության կարգավիճակ տրամադրելու առաջարկները: Բաքուն անհանգստություն է հայտնել, թե Բալկանյան տարածաշրջանում այդօրինակ անջատումը կարող է Ղարաբաղի համար նախադեպ ստեղծել:

Այս քննարկման ժամանակ Ադրբեջանի ներկայացուցիչը նշել էր, որ չնայած Կոսովոյի հարցը տարբերվում է «հայ-ադրբեջանական հակամարտությունից», սակայն միջազգային իրավունքի խախտմամբ տարածքային հարցի լուծումը` հօգուտ անջատման և անկախացման, կարող է բացասաբար անդրադառնալ Կովկասյան տարածաշրջանի վրա: ԵՄ-ին ուղղված կոչն ադրբեջանցի պաշտոնյան համեմել է շահագրգռությամբ` խոստանալով աջակցել եվրոպական երկրներին` դիվերսիֆիկացնելու էներգետիկ շուկան և նվազեցնելու կախվածությունը ռուսական գազից ու նավթից: Եվրոպացի պաշտոնյաները, տուրք տալով այս «գրավիչ» առաջարկին, ընդունել են, որ Ղարաբաղն «օկուպացված տարածք է», և Բաքվին վստահեցրել են, որ Կոսովոյի բանաձևը չի օգտագործվի ի վնաս հետխորհրդային տարածքում առկա հակամարտությունների:

Սակայն եվրոպական երկրների հավաստիացումներն ու Կոսովոյի հարցում թուրքական մոտեցումները, փաստորեն, չեն կարողացել մեղմել Բաքվի անհանգստությունը։ Ադրբեջանը շարունակել է Թուրքիային և արևմտյան գործընկերներին հակառակ քաղաքականություն վարել բալկանյան այս հակամարտության հարցում։ Կոսովոյի անկախության վերաբերյալ քաղաքական դիրքորոշմանը համապատասխան՝ ադրբեջանական կողմը նաև ռազմական բնույթի «ըմբոստություն» է ցուցաբերել։ Իլհամ Ալիևի առաջարկությամբ և Միլլի մեջլիսի 2008 թվականի մարտի 4-ի որոշմամբ՝ ադրբեջանական 34 հոգանոց գումարտակը դադարեցրել է խաղաղապահ առաքելությունը Կոսովոյում տեղակայված թուրքական զորախմբի կազմում և վերադարձել Բաքու»։

Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրում։

։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026