
Չինարի գյուղում խուճապ չկա. Սամվել Սաղոյան
Տավուշի մարզի Չինարի գյուղում ամեն ինչ կարգին է, խուճապ չկա, սովորական օր էր։ ABC media-ի հետ զրույցում ասել է Չինարի գյուղի նախկին գյուղապետ Սամվել Սաղոյանը։
«Մենք ձայներ չենք լսել, ամեն ինչ կարգին է, բոլորս գյուղում ենք»,- ասել է Սաղոյանը։
Ավելի վաղ Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա բնակավայրի ղեկավար Արտյոմ Երանոսյանը ABC media-ին տեղեկացրել էր, որ Վերին Շորժայում իրավիճակը կայուն է։
Հիշեցնենք՝ բրյուսելյան հանդիպումից ժամեր անց Տավուշի մարզի Չինարի գյուղի և Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի հատվածում Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքից կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ:
Միևնույն ժամանակ, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն այն մասին, թե ապրիլի 5-ին՝ ժամը 17:25-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներն իբր կրակ են բացել սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է։