26 Հլս
2024
19.8° c ԵՐԵՎԱՆ
13.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
RSF-ն ընդգծում է՝ ՀՀ-ում  լրատվամիջոցները բևեռացված են, իսկ լրագրողները ենթարկվում են ճնշումների

RSF-ն ընդգծում է՝ ՀՀ-ում  լրատվամիջոցները բևեռացված են, իսկ լրագրողները ենթարկվում են ճնշումների

«Լրագրողներ առանց սահմանների» (RSF) կազմակերպությունը Մամուլի ազատության համաշխարհային օրվա առթիվ հրապարակել է 2024 թ-ի «Մամուլի ազատության ինդեքսը», որը գնահատում է լրագրողների աշխատանքային պայմաններն աշխարհի շուրջ 180 երկրներում։ ՀՀ-ն ինդեքսում զբաղեցրել է 43-րդ հորիզոնականը։  Թեև երկրում առկա է բազմակարծության միջավայր, լրատվամիջոցները շարունակում են բևեռացված մնալ։ Հեռարձակվող և տպագիր լրատվամիջոցների մեծ մասը հիմնականում կապված են քաղաքական և կոմերցիոն շահերի հետ ու ենթարկվում են ճնշումների իրենց խմբագրական քաղաքականության համար:

Լրատվամիջոցների բևեռացումն արտացոլում է քաղաքական դաշտի բևեռացումը։ Շեշտվել է, որ հատկապես զգայուն են երկու քաղաքական թեմաներ՝ Լեռնային Ղարաբաղի հայերի էթնիկ զտումները և Հայաստանի ու Ռուսաստանի հարաբերությունների լարվածությունը։ «Երկիրը բախվում է ապատեղեկատվության և ատելության խոսքի աննախադեպ մակարդակի, հատկապես Լեռնային Ղարաբաղի տարածքային վեճի և Ադրբեջանի հետ պատերազմի շարունակվող սպառնալիքի հետ կապված», – նշվել է զեկույցում։

Ադրբեջանի հետ սահմանին բախումները բարդացնում են լրագրողների աշխատանքը, նրանք հաճախ ենթարկվում են ճնշումների, վիրավորանքների և բռնությունների։ Ըստ հեղինակների՝ ՀՀ-ում ոլորտը կարգավորող օրենսդրական դաշտը բավարար չափով չի պաշտպանում մամուլի ազատությունը և չի հետևում եվրոպական չափանիշներին:  Ընդհանուր առմամբ՝ լրագրողների նկատմամբ բռնությունը երկրում մնում է անպատիժ։ Ըստ զեկույցի՝ երկրում լրագրությունը որպես մասնագիտություն անարգված է։ Ըստ զեկույցի՝ Հայաստանի հիմնական լրատվական աղբյուրները սոցիալական ցանցերն են, ուր ամեն օր մուտք է գործում բնակչության երկու երրորդը։ Հատկանշական է, որ պետական լրատվամիջոցները ձեռնպահ են մնում կառավարության հասցեին որևէ քննադատությունից։