ABCMEDIA
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումն իր ժողովրդով կգա Երևան՝ պատասխաններ պահանջելու. Բագրատ Սրբազան

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումն իր ժողովրդով կգա Երևան՝ պատասխաններ պահանջելու. Բագրատ Սրբազան

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը որոշեց, որ իր ժողովրդով պետք է գնա ուղղակի Երևան և պատասխաններ պահանջի, պահանջը ձևակերպի, որ այս գործընթացը թե՛ այստեղ, թե՛ այլուր դադարեցվի: Դա է եղել մեր ժողովրդի պահանջն առաջին իսկ օրվանից: Այս մասին այսօր հայտարարել է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազան Գալստանյանը:

«Միակողմանի զիջումների այս աղետալի ընթացքը որևէ սահման չունի: Դրան հաջորդելու է, այսպես կոչված, անկլավների խնդիրը՝ ավելի աղետաբեր, Տավուշից դուրս հաջորդելու է Տիգրանաշենի խնդիրը, Սյունիքի խնդիրները և այլն:

Հյուսիսից-հարավ մենք չափազանց մեծ, անհասկանալի արնաքամության գործընթացի մեջ ենք գտնվում և այդ գործընթացը պետք է դադարեցվի: Այսպիսի ընթացքով գործընթացը պետք է կասեցվի, սա մեր պահանջն է»,-ասել է Բագրատ Սրբազանը:

Նրա խոսքով՝ եթե սահմանագծման, սահմանազատման խնդիրներ կան, դրանք պետք է տեղի ունենան ՀՀ օրենքների համաձայն և միևնույն ժամանակ միջազգային պայմանագրերի հիմունքների և սկզբնունքների վրա:

«Մենք նախատեսում ենք մայիսի 9-ին լինել Երևանում։ Տեղն եկավ՝ ոտքով կգնանք, տեղն եկավ՝ ավտոբուս կնստենք, եթե մետրո աշխատեց, մետրո կնստենք, մեքենայով կգնանք, կպառկենք, կքնենք, մի երեք մետր հետ կգանք, վեց մետր առաջ կգնանք։ Ինչպես ուզենք, այդպես էլ կգնանք մեր երկիրն է, մեր տարածքը, մեր ճանապարհն է։ Որտեղ պետք եղավ, կքայլենք, որտեղ պետք եկավ՝ կքնենք, կհանգստանանք, պետք եկավ վոլեյբոլ կխաղանք, պետք եղավ պարել՝ կպարենք, պետք եկավ լռել՝ կլռենք: Աստծու կամոք, մայիսի 9-ին կլինենք Երևանում»,-այս մասին հայտարարել է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը:

Սրբազանի խոսքով՝ այս շարժումը չունի որևէ գույն, կուսակցական պատկանելիություն, այն ժողովրդական շարժում է՝ բոլորինն է, հայինն է։