ՄԻՊ-ին կարմիր բերետ ենք նվիրում՝ կարմիրբերետավորների իրավունքները պաշտպանելու համար․ Ռուբեն Մելիքյան
Այս շրջանում իշխանությունները բազմաթիվ միջոցներով ճնշում են մարդկանց` մատ թափ տալուց, մինչև կալանավորում․ հանրապետության հրապարակում հանրահավաքի ընթացքում ասել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
«Մենք ունենք քաղբանտարկյալներ, որոնք երկար ժամանակ է բանտարկված են։ Նստած են Աշոտյանը, Մալյանը, Ասլանյանը։ Այս մեկ ամսվա ընթացքում ունենք նոր քաղբանտարկյալներ՝ Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյան․ մարդիկ իրենց ավտոմեքենաները բերել, հասցրել են Հայաստան, ստացվում է, որ պետք է թողնեի՞ն ավտոմեքենաները։ Մարտակերտի քաղաքապետ Միշա Գյուրջյան, Գանձասարից Նարեկ Թևոսյան, այն հայտնի 2200 դրամի կոշիկի պատմությունն է, Արսեն Վարդանյան՝ Վայքից, Գնել Պետրոսյան, Ժորա Ավետիսյան, Գագիկ Համբարձումյան։ Երեկ 1 ամսով կալանավորվեց Կարապետ Պողոսյանը։ Սերգեյ Առաքելյանին մեղադրում են խուլիգանության համար այն դեպքում, երբ մեքենան քշում է իր վրա, ինքն էլ ոտքով հարվածում է մեքենային, անունը դնում են խուլիգանություն ու ուղարկում տնային կալանքի»,- նշել է փաստաբանը։
Անդրադառնալով ԱԳՆ շենքի դիմաց ոստիկանների կողմից քաղաքացիների նկատմամբ բիրտ ուժ գործադրելու դեպքին՝ փաստաբանը նշել է, որ ոչ մի ոստիկան պատասխանատվության չի կանչվել, ձերբակալվել են քաղաքացիներ, այսինքն՝ տարբերակված մոտեցում է կիրառվում։
Նա նշել է, որ «Հինգ իրավապաշտպանների» նախաձեռնության կողմից իրենք ցանկանում են կարմիր բերետ նվիրել ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին։
«Նա հիանալի պաշտպանում է կարմիր բերետավորների իրավունքները»,-ասել է Մելիքյանը։