Փաշինյանի դեմ բողոքի ակցիաները, ում քայլերը հանգեցրել են նաև Ռուսաստանի հետ հարաբերությունների սառեցման, գլխավորում է արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանը, գրել է Al Jazeera-ն։
Նշվել է, որ Բագրատ սրբազանի հորդորով՝ ընդդիմությունը պատրաստվում է իմփիչմենթի։ Եթե վերջինիս քվեարկությունը հաջողությամբ անցկացվի, ապա պետք է ժամանակավոր կառավարություն ստեղծվի, և արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացվեն։ Այնուամենայնիվ, ջանքերը դժվար թե հաջողության հասնեն, քանի որ ընդդիմադիր օրենսդիրները բավարար տեղեր չունեն այն առաջ մղելու համար: Հոդվածում նշվել է նաև, որ Բագրատ սրբազանը Մոսկվայի հետ «նոր երկխոսության» կոչ է արել։
Հայաստանի հարաբերությունները Ռուսաստանի հետ սառել են հայ-ադրբեջանական առճակատման ֆոնին։ Օրերս հարաբերությունները կրկին սրվել են հայ պատվիրակության՝ ուկրաինական Բուչա այցելության պատճառով։
Царьград-ը գրել է, որ Հայաստանը, որն այժմ ընտրում է արևմտամետ կուրս, աղետից հեռու է մեկ քայլով։ Ռուսաստանի հետ հարաբերությունները բարելավելու, համագործակցությունը շարունակելու փոխարեն՝ ՀՀ-ն այն սրում է՝ այցելելով Բուչա։
Միջազգայնագետ Թիմուր Շաֆիրը նշել է, որ այժմ Հայաստանի ղեկավարությունը հստակորեն ձգտում է ցույց տալ իր հավատարմությունը նոր դաշնակիցներին, հատկապես՝ Ֆրանսիային։
Այս պահվածքն ուղեկցվում է նույնիսկ ՀՀ քաղաքացիների ֆիզիկական անվտանգությունը զոհաբերելու պատրաստակամությամբ։ «Ընդհանուր առմամբ՝ Հայաստանի ղեկավարության գործողությունները կարող են հանգեցնել լուրջ աշխարհաքաղաքական փոփոխությունների տարածաշրջանում։ Դրանք կարող են ունենալ ինչպես անմիջական, այնպես էլ երկարաժամկետ հետևանքներ», – նշել է միջազգայնագետը։
Փորձագետ Բորիս Դոլգովի կարծիքով՝ Հայաստանի ղեկավարության՝ դեպի Արևմուտք վերակողմնորոշման պատճառը ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ հիասթափությունն է։ Չնայած այն հանգամանքին, որ Հայաստանի որոշ քաղաքացիներ հիացած չեն իրադարձությունների այս զարգացմամբ, քաղաքական ղեկավարությունը ճիշտ է համարում կողմնորոշումը դեպի Արևմուտք, նշել է Դոլգովը։