23 Սեպ
2024
24° c ԵՐԵՎԱՆ
21.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Բաղրամյան պողոտայում ձեռքի վնասվածք ստացած տղամարդու կինը պարզաբանել է՝ ինչու է ամուսինը վերցրել լուսաձայնային նռնակը

Բաղրամյան պողոտայում ձեռքի վնասվածք ստացած տղամարդու կինը պարզաբանել է՝ ինչու է ամուսինը վերցրել լուսաձայնային նռնակը

Հունիսի 12-ին ոստիկանության կողմից նետած նռնակներից ձեռքի վիրավորում ստացած տղամարդու կինը ֆեյսբուքյան էջում դեպքի մասին մանրամասներ է հայտնել:

«Վիճակը կայուն է, բայց աջ ձեռքը լուրջ վնասվել է, բժիշկները սկզբից մտածել են ամբողջությամբ ամպուտացնել դաստակը, բայց հետո փորձել են ափը փրկել ու մատերից երկուսը հավաքել։ Որքանով ֆունկցիան կվերականգնվի, դեռ պարզ չի։

Ձախ ձեռքը ևս վնասված է, ափի հատվածում։ Վերքը մեծ է, բայց ձեռքի ֆունկցիոնալության վրա պետք է որ չազդի։ Մարմնի տարբեր հատվածներում՝ գլխից մինչև ոտքեր բեկորային վնասվածներ են, այրվածքներ։ Կրծքի և թևի հատվածում համեմատաբար խորն են, վրաները կարեր են դրված»,-գրել է Նաիրա Սահակյանը:

Վերջինս նաև պարզաբանել է, թե ինչու է ամուսինը գետնից վերցրել լուսաձայնային նռնակը:

«Կողքին մի քանի նռնակներ են պայթել, այդ պահին մտածել է, որ պայթած նռնակի մաս է վերցնում, որ մարդկանց ոտքի տակից հանի։ Կադրերը նայած կլինեք, ակնհայտ երևում է, որ չի շտապում։

Իշխանության որոշ խեղկատակների պնդումները, թե ոստիկանների կողմն էր նետում, ուղղակի զազրելի են։ Ի վերջո մի մոռացեք, որ այդ նռնակը ով է գցել։ Նռնակը նետել է ՈՍՏԻԿԱՆԸ այս իշխանության հրամանով ու քաջալերանքով։

Արժեր որ վերցներ, իհարկե ոչ։ Ավելի զգույշ էր պետք լինել։ Բայց դե երբ կողքդ քաոս է, նռնակներ են պայթում, այդ պահին սառը դատելը դժվար է»,-գրել է նա։

Նա տեղեկացրել է, որ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի որևէ արձագանք, այց չի եղել։ «Չէինք էլ ակնկալում որովհետև այսօրվա ՄԻՊ-ը, իրականում ՆԻՊ է՝ Նիկոլի իրավունքների պաշտպան։ Այնպես ինչպես ոստիկանությունը զինվել ու ուժեղացվել է մի նպատակով պահել ներկայիս իշխանությանը։ Այդ նույն տրամաբանության մեջ էլ աշխատում է իշխանության ՄԻՊ-ը։ Երկրորդն օրն է անցել, անգամ դատաբժիշկ չի եկել»,-գրել է Սահակյանը։