ԵՄ-ն Հայաստանին 18 միլիոն եվրո կտրամադրի
Կառավարությունը հաստատեց «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական հանձնաժողովի միջև «Պետության և դիմակայունության ամրապնդման պայմանագիր Հայաստանի Հանրապետության համար» ֆինանսավորման համաձայնագիրը հաստատելու մասին» Հանրապետության նախագահի հրամանագրի նախագիծը։
Համաձայնագիրը ստորագրվել է 2024 թվականի առաջին եռամսյակում, արժեքը 15 միլիոն եվրո է։
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ասաց, թե այս ծրագրի նպատակն է աջակցել Հայաստանի սոցիալ-տնտեսական դիմակայունությանը, մասնավորապես, նպաստել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց առաջնահերթ, միջնաժամկետ ու երկարաժամկետ խնդիրների հասցեագրմանը, ինչպես նաև նրանց երկարաժամկետ սոցիալ-տնտեսական ներառմանը։
«Ծրագրի շրջանակներում նախատեսվում է միանվագ բազմանպատակ դրամական օգնության տրամադրում՝ աջակցություն ժամանակավոր կացարանների կարիքների ու կոմունալ ծախսերի ուղղությամբ, աջակցություն կանանց ու խոցելի խմբերին, ինչպես նաև հյուրընկալող համայնքների սոցիալ-տնտեսական վերականգնմանը»,- մանրամասնեց Գրիգորյանը։
Նա նշեց, որ այսօր ևս մեկ նախագիծ են հաստատել, ըստ որի՝ ԵՄ-ն Հայաստանին կհատկացնի ևս երեք միլիոն եվրո, որի նպատակն է աջակցել ՀՀ կառավարությանը առավել լայն բարեփոխումների գործընթացում, ինչպես նաև ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց հետագա սոցիալ-տնտեսական ներառման, մասնավորապես, առողջապահության, սոցիալական պաշտպանության ու զբաղվածության ռազմավարությունների կիրարկման հարցում։