
Երիտասարդների մեծ մասը չի ընդունում Նիկոլ Փաշինյանի ու ՔՊ-ի առաջարկած բանաձևը․ Զաքարյան
Խորհրդարանական հերթական ընտրություններից առաջ Հայաստանում ստեղծվել է ունիկալ իրավիճակ․ գրում է , ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը։
«Մի կողմում Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ն են՝ իրենց իշխանության տարիներին «վաստակած» պարտություններով, կորուստներով, ներքին պառակտումներով, ձախողված ծրագրերով և այդ ամենի՝ «Խաղաղության» փաթեթավորման փորձերով։
Մյուս կողմում՝ ազգային օրակարգի վրա հենված ընդդիմադիր ուժերն են՝ համալրված նոր սերնդով, ապագայի ծրագրերով, արժանապատիվ, ուժեղ և անվտանգ Հայաստանի տեսլականով, հայկական պետականության վերելքի ու միջազգային դիրքերի վերականգնման հեռանկարով, ինչպես նաև ստեղծված կործանարար ընթացքի դեմ անհաշտ պայքարով:
Այլ ընտրություն՝ պրակտիկորեն չկա։
ՀՀ քաղաքացին կամ պետք է ընտրի ինքնախաբեությունը, և հաջորդ հնգամյակում ականատես լինի, թե ինչպես են իր երբեմնի զարգացող պետությունը դարձնում թույլ, պատերազմի վախի տակ գոյատևող, մաշվող ու հայաթափվող երկիր։
Կամ պետք է ընտրի փոփոխությունների հույսը, և հաջորդ հնգամյակում ականատես լինի իրավիճակի փոփոխության, անվտանգային երաշխիքների, ուժի և արժանապատվության վրա հենված կայուն խաղաղության, համազգային միասնության ու պետության արտաքին դիրքերի ամրացմանը։
Վերջերս մի քանի սոցհարցումների տվյալներ էին ուսումնասիրում, և ինձ անկեղծորեն ուրախացրեց հետևյալ փաստը։ Դա երևում է նաև մարդկային սովորական շփումներում։
Մեր երկրի երիտասարդության մեծամասնությունը չի ընդունում այն բանաձևը, որն առաջարկում է Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ն։ Պետությանը հասցված տարածքային ու անվտանգային ցավալի կորուստների կողքին՝ նրանց չի բավարարում հեռավոր գյուղի ասֆալտը, գույնզգույն վերանորոգումներն ու այս կամ այն ոլորտի կոսմետիկ «նորարարությունները»։ Նրանք չեն ցանկանում մոռանալ իրենց ազգային արժանապատվությունն ու ոգեղեն զարթոնքը, և չեն ցանկանում խաբվել կառավարության մակերեսային ու ցուցափեղկային քաղաքականությամբ»,- նշում է Զաքարյանը։


