
Հուսով ենք՝ «իրական Հայաստանի» մասերը Շուշիի ճակատագրին չեն արժանանա․ Արամ Ա-ն՝ ադրբեջանցիների՝ հայոց պատմությունը ծաղրելու մասին
Մեծի տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը անդրադարձել է Գանձասարում և Շուշիում Հաջիևի և օտարերկրյա դեսպանների մասնակցությամբ տեղի ունեցածին։
«Խոր ցավով ու ընդվզումով տեսանք սոցիալական ցանցերը ողողած այս տեսանյութերը։ Հայաստանի «բարեկամները» պարում են Շուշիում և «հիացմունքով» դիտում ու լսում՝ մեր սրբերի աղոթքով, նահատակների արյամբ ու ժողովրդի ստեղծագործ ոգով դարերի ընթացքում կանգնած մեր եկեղեցիներն ու պատմամշակութային կոթողները՝ որպես աղվանական կառույցներ։ Պատմության ի՜նչ ահավոր խեղաթյուրում է կատարվում մեր աչքի առաջ…։
Արդարև, ընդվզեցուցիչ երևույթ է, որը մեր անմիաբանության ու անհեռատես քաղաքականության հետևանքն է։ Ցավալի երևույթ է, որը մեզ պետք է մղի ինքնագիտակցության և համախմբվելու՝ մեր հայրենիքի ու ազգի գերագույն ու համընդհանուր արժեքների, շահերի ու իդեալների շուրջ։
Հուսով ենք ու աղոթում ենք, որ «իրական» Հայաստանի մասերը Շուշիի ճակատագրին չենթարկվեն՝ խաղաղության կեղծ շպարի ներքո.. »,-ասել է Արամ Վեհափառը։


