
Գանձասարի բեմադրությունը․ պարող դեսպաններն ու խեղաթյուրված պատմությունը
Հիքմեթ Հաջիևը՝ 58 երկրի և 9 միջազգային կազմակերպության շուրջ 150 ներկայացուցչի հետ՝ Գանձասարում։ Բացում է Արցախի ձեռագրական ժառանգության մատյանների պատճենները։ Հետո պարում են օկուպացված Արցախում։ Եվ այս ամենն ուղեկցվում է պատմություն կեղծելով, հայկական մշակութային ժառանգությունը յուրացնելով ու մի ամբողջ ժողովրդի պատմական հիշողությունն անարգելով։ Իսկ դեսպանները ծիծաղում են, պարում և ուրախանում։
Այն, որ Բաքվի քարոզչամեքենայի մի մեծ հատված զբաղված է սեփական պատմությունը հորինելով, իրականությունը խեղաթյուրելով, նոր չէ։ Քաղաքագետ Ստեփան Հասան-Ջալալյանն առաջարկում է հետ տալ պատմության անիվն ու տեսնել, թե այս ամենը երբ է սկսել կյանքի կոչել Ադրբեջանը։
«Այս գործընթացը սկսվել է դեռևս խորհրդային տարիներից։ Այն ժամանակ Խորհրդային Ադրբեջանի իշխանության հանձնարարությամբ Ադրբեջանի գիտությունների ակադեմիայի պատմաբանները ձեռնամուխ են եղել այս թեզի ձևավորմանը։ Մասնավորապես, պատմաբան Զիյա Բունյաթովը փորձել է այս մոտեցման համար, այսպես ասած, «գիտական հիմքեր» ստեղծել՝ պնդելով, թե Արցախում ստեղծված նյութական և հոգևոր մշակույթի նմուշները հայկական ծագում չունեն և իրականում աղվանական են։ Այս տեսությունը ձևավորվել է դեռևս խորհրդային տարիներին և շարունակվել նաև Ադրբեջանի անկախացումից հետո։ Դրա հիմնական ջատագովներից էր նաև պատմաբան Ֆարիդա Մամեդովան։ Այսօր այդ մոտեցումն արդեն դուրս է եկել գիտական շրջանակից և հասել պետական քաղաքականության մակարդակի»,- ABC Media-ի հետ զրույցում ասաց քաղաքագետը։
Իսկ իրական խնդիրն Ադրբեջանում հավատարմագրված դեսպանների՝ քմծիծաղով ուղեկցվող լռությունն էր, որը փորձեց կոտրել Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն։
«Կողմերը դեռևս խորապես տարբերվող տեսակետներ ու նարատիվներ ունեն որոշ վայրերի ծագման վերաբերյալ»,- X-ում գրել է Գրոնոն։
Այս կցկտուր արձագանքն էլ Բաքվի համար դառնում է կանաչ լույս՝ ապօրինություններն ու վայրագությունները շարունակելու։ Իսկ ի՞նչ էր իրականում տեսնում օտարերկրյա դիվանագետը Գանձասարում՝ պատմական փա՞ստ, թե՞ քաղաքականապես բեմադրված ցուցադրություն։
ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանը համոզված է, որ սա հերթական քաղաքական շոուն էր՝ Հիքմեթ Հաջիևի գլխավորությամբ։
«Երբեմն նման այցերի ժամանակ անձամբ Ալիևն է ուղեկցում պատվիրակություններին։ Գնացողներն էլ շատ լավ գիտեն՝ ուր են գնում և ինչ նպատակով։ Մինչև 2023 թվականն այդ դեսպանները կամ նրանց երկրները խոսում էին Արցախի ժողովրդի իրավունքների մասին, պնդում, որ հարցը պետք է լուծվի առանց պատերազմի, և ընդունում էին, որ Արցախում կան հայեր, որունք ունեն իրենց իրավունքները։ Հիմա հարց է առաջանում՝ այդ ժողովուրդն ո՞ւր անհետացավ։ Արցախում տեղի ունեցավ էթնիկ զտում, և դրա մասին արձանագրումներ կան նաև միջազգային կառույցների, այդ թվում՝ Եվրոպական խորհրդարանի, դատարանների և միջազգային կազմակերպությունների կողմից»,- մեզ հետ զրույցում ասաց Կարապետյանը։
Հայ դատի Եվրոպայի գրասենյակի ղեկավարը հատկապես առանձնացնում է Գրոնոյի այցն օկուպացված Արցախ, պահվածքն ու դրան հաջորդած ոչինչ չասող հայտարարությունը։
«Գրոնոյի՝ այնտեղ գտնվելը, հաշվի առնելով նրա զբաղեցրած պաշտոնը, լիովին անհասկանալի է։ Իհարկե, նա պետք է այցելի Ադրբեջան, դա նրա աշխատանքի մի մասն է։ Բայց որևէ անհրաժեշտություն չկար, որ նա այցելեր Արցախ։ Դեսպանների պարագայում վիճակն այլ է։ Իսկ Գրոնոյի հիմնական պարտականությունը պետք է լիներ նպաստել խնդրի լուծմանը, այլ ոչ թե ավելի բարդացնել այն։ Նրա կարգավիճակում գտնվելով՝ Արցախ այցելելը, այնտեղ բարևել, ժպիտներով շփվելն ու նման գործողությունների մասնակցելը որևէ կերպ չի նպաստում այդ նպատակին։ Եվ դրա քաղաքական հետևանքների համար նա պետք է պատասխանատվություն կրի»,- ասաց Գասպար Կարապետյանը։
«Դիվանագիտական համայնքը լուռ էր, երբ Արցախը շրջափակված էր, լուռ էր, երբ Արցախում չկար ուտելիք, վառելիք, գազ, ջուր ու էլեկտրաէներգիա, լուռ էր, երբ Արցախը հայաթափվում էր ու լուռ է հիմա»,- ասում է Ստեփան Հասան-Ջալալյանն ու խոսում մեկ այլ վարկածի մասին, որը չի բացառում․ «Ադրբեջանը, ըստ ամենայնի, փորձում է ազդեցություն գործադրել օտարերկրյա դիվանագիտական առաքելությունների ղեկավարների և ներկայացուցիչների վրա՝ նրանց հրավիրելով Գանձասար, Մարտակերտի շրջան, Դադիվանք և Արցախի այլ տարածքներ։ Իմ այս գնահատականը հիմնավորելու համար կարող եմ օրինակ բերել նաև այն դեպքերը, երբ Ադրբեջանին առնչվող կոռուպցիոն սկանդալներ են հայտնվել եվրոպական կառույցների օրակարգում։ Ընդամենը մեկ տարի առաջ Գերմանիայում քննվում էր մի գործ, որի շրջանակում Բունդեսթագի որոշ պատգամավորների մեղադրում էին Ադրբեջանից կաշառք ստանալու համար՝ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում իրենց գործունեության համատեքստում։ Ուստի՝ չեմ բացառում, որ Ադրբեջանը նույն մեթոդաբանությունը գործածում է նաև այսօր՝ իր քաղաքական և քարոզչական օրակարգն առաջ մղելու համար»։
Իսկ պաշտոնական Երևանը համոզված է, որ խաղաղությունը խնամքի կարիք ունի։ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի խոսքով՝ այս հարցերը բարձրացնելը չի բխում այդ օրակարգից։
«Մեր նոր ձեռք բերած խաղաղությունը մշտական խնամքի կարիք ունի, Ձեր մատնանշած հայտարարությունները, բնականաբար, չեն նպաստում կամ օգտակար չեն խաղաղության համատեքստում, բացի դրանից՝ անհիմն են»,- այսօր ԱԺ ամբիոնից հայտարարեց Ռուբինյանը։
Մինչդեռ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը համոզված է՝ Կառավարությունն ուներ հստակ անելիք, և հապաղելն ամենևին էլ տեղին չէր։
«Բաքվի՝ պատմական կեղծարարության քաղաքականությանը և դիվանագիտական կորպուսի այդ, կներեք, ոչ բարոյական հրճվանքին պետք է հաջորդեր Հայաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական արձագանքը։ Նախ՝ որովհետև տեղի էր ունեցել պատմության ակնհայտ խեղաթյուրում։ Բայց կա նաև մեկ այլ կարևոր հանգամանք․ Եվրոպական խորհրդարանը մի քանի բանաձև է ընդունել Արցախում տեղի ունեցած էթնիկ զտման, մշակութային ժառանգության ոչնչացման և դրա հետևանքների վերաբերյալ։ Եվ հիմա, երբ այդ ամենի ֆոնին տեղի է ունենում նման ցուցադրական միջոցառում, հարց է առաջանում՝ հենց եվրոպական արժեքների ու չափանիշների վրա չէ՞, որ ծիծաղում են»,- ասում է Գալստյանը։
Իսկ պաշտոնական Երևանի փոխարեն աշխատում են Սփյուռքի կառույցներն ու առանձին կազմակերպությունները։ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը պատրաստվում է նամակներ ուղարկել օկուպացված Արցախ այցելած դեսպանների երկրների ԱԳՆ-ներ։
«Մենք պատրաստվում ենք կապ հաստատել այն երկրների համապատասխան կառույցների հետ, որոնց դեսպանները ներկա են եղել այցին։ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը համապատասխան դիմում-բողոք կներկայացնեն Արտաքին գործերի նախարարություններ՝ պահանջելով, որ նման դեպքեր չկրկնվեն։ Միաժամանակ պետք է հստակ հայտարարություն հնչի, որպեսզի որևէ երկիր իր գործողություններով կասկածի տակ չդնի Արցախի հայկական մշակութային և եկեղեցական ժառանգության գոյությունը»,- ասաց Գասպար Կարապետյանը։
Դիվանագիտական այցը չպետք է վերածվի թատերաբեմի, որտեղ միջազգային հանրության ներկայությամբ ջնջվում է մի ամբողջ ժողովրդի պատմություն․ սա էլ հայտարարել է Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հանձնախումբն ու բաց նամակ հղել Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի անդամներին․ «Դիվանագիտությունը պահանջում է անկախ դատողություն, պատմական պատասխանատվություն և բարոյական քաջություն: Այնինչ, աշխարհն ականատեսն է դիվանագիտական կորպուսի, որը գործում է Ադրբեջանի հետ համատեղ՝ էթնիկ զտումների հետևանքները լեգիտիմացնելու համար: Սա չի կարող նորմալացվել: Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը կորցրել է տները. միջազգային դիվանագիտական կորպուսը չի կարող օգնել և աջակցել Ադրբեջանին՝ ոչնչացնելու նրանց պատմությունը, ինքնությունը և ժառանգությունը»։
Գանձասարում արված լուսանկարները, Շուշիում կազմակերպված խնջույքների շուրջ աղմուկը գուցե մարի, բայց դրանց քաղաքական հետևանքները շատ ավելի երկար են ապրում։ Երբ պատմական հայկական ժառանգության կողքին կանգնում են միջազգային ներկայացուցիչները և չեն արձանագրում դրա իրական պատկանելությունը, այդ լռությունն արդեն չեզոքություն չէ։
Գառնի Մութաֆյան


