06 Հոկ
2026
18° c ԵՐԵՎԱՆ
14° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
10 փաստ Լևոն Արոնյանի մասին

10 փաստ Լևոն Արոնյանի մասին

Այսօր լրանում է հայտնի շախմատիստ, միջազգային գրոսմայստեր Լևոն Արոնյանի ծննդյան 44-ամյակը։

Ներկայացնում ենք 10 քիչ հայտնի փաստ շախմատիստի մասին․

  1. Շախմատը նրա առաջին սիրած խաղը չէր։ 4-5 տարեկանում պապը փորձել է նրան շախմատ սովորեցնել, բայց փոքրիկ Լևոնն ավելի շատ շաշկի էր սիրում և տան հյուրերին ստիպում էր իր հետ խաղալ։ Շախմատով լրջորեն սկսել է զբաղվել միայն մոտ 9 տարեկանից, երբ քույրը՝ Լիլիթը, կրկին սովորեցրել է խաղը։
  2. Շախմատ սովորելուց ընդամենը մեկ տարի անց դարձել է Հայաստանի պատանեկան չեմպիոն։ Արոնյանի խոսքով՝ նրա արագ առաջընթացի մեջ մեծ դեր է ունեցել Մելիքսեթ Խաչիյանը, որն այդ շրջանում նույնիսկ ապրել է նրանց տանը և մարզել Լևոնին։
  3. 12 տարեկանում հաղթել է ապագա շախմատային աստղերի մի ամբողջ սերնդի։ 1994-ի մինչև 12 տարեկանների աշխարհի առաջնությունում Արոնյանը հավաքել է 8 միավոր 9-ից՝ առաջ անցնելով ապագա աշխարհի չեմպիոն Ռուսլան Պոնոմարյովից, ինչպես նաև Ալեքսանդր Գրիշչուկից, Էթյեն Բաքրոյից և Ֆրանսիսկո Վալյեխո Պոնսից։
  4. Մանկության տարիներին շախմատի հետ միաժամանակ դաշնամուր է սովորել։ Բայց 1990-ականների սկզբին ստիպված է եղել ընտրել և ընտրել է շախմատը։ Ավելի ուշ կատակով ասել է, որ իր «փայլուն երաժշտական կարիերան» շուտ ավարտվեց նաև այն պատճառով, որ դաշնամուրի ուսուցչին այնքան էլ չէր սիրում։
  5. Խաղերից առաջ Բախ և Ջոն Քոլթրեյն է լսել։ Արոնյանը պատմել է, որ երաժշտությունն օգնում է հանգստանալ և ոգեշնչվել։ Իսկ շախմատով զբաղվելիս հատկապես սիրում է Բախ, Բրուքներ ու Բեթհովեն՝ նրանց երաժշտության «մաթեմատիկական» կառուցվածքի պատճառով։
  6. Նա պոեզիայի մեծ սիրահար է։ Դեռ մանկուց բանաստեղծություններ է կարդացել։ Մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնության ժամանակ Հնդկաստանում նույնիսկ հետը Վելիմիր Խլեբնիկովի գիրքն էր տանում։ Պայուսակը գողացել են, և Արոնյանի ընտանիքում կատակել են, թե գողերն այժմ ստիպված կլինեն նախ ռուսերեն սովորել, հետո՝ հասկանալ Խլեբնիկովին։
  7. Իր հաջողության ճանապարհին ամենամեծ թերություններից մեկը հենց ինքն է անվանել՝ ծուլությունը։ Արոնյանը մի հարցազրույցում խոստովանել է, որ երիտասարդ տարիներին բավական «տաղանդավոր էր նաև ծուլանալու հարցում», իսկ ընտանիքը, հատկապես մայրը, մեծ դեր է ունեցել նրան աշխատելու մղելու գործում։
  8. Նրա կարիերայի թռիչքի համար կարևոր է եղել Գերմանիա տեղափոխվելը։ Արոնյանը պատմել է, որ Հայաստանում երիտասարդ տարիներին Եվրոպայի մրցաշարերին մասնակցելը ֆինանսապես դժվար էր։ 2001-ի վերջին Գերմանիա տեղափոխվելուց հետո եվրոպական մրցաշարերում ավելի հաճախ խաղալու հնարավորություն է ստացել, ինչից հետո նրա վարկանիշային աճը կտրուկ արագացել է։
  9. Արոնյանն աշխարհի չեմպիոն է եղել նաև «ոչ սովորական» շախմատում։ Նա դարձել է Chess960/Fischer Random-ի աշխարհի չեմպիոն։ Բացի այդ, 2010-ին նվաճել է նաև կայծակնային շախմատի աշխարհի չեմպիոնի կոչումը։
  10. Իր պատմական պիկին նա աշխարհի ոչ թե պարզապես լավագույններից էր, այլ՝ պատմության ամենաբարձր վարկանիշ ունեցողների թվում։ 2014-ին Արոնյանի դասական վարկանիշը հասել է 2830-ի։ Այդ ցուցանիշով նա այն ժամանակ պատմության մեջ ամենաբարձր վարկանիշը գրանցած շախմատիստների շատ նեղ շրջանակում էր, իսկ աշխարհի վարկանիշային աղյուսակում հասել էր 2-րդ հորիզոնականին։
Ռազմագերիներ   Ռազմագերիներ