31 Հոկ
2026
17° c ԵՐԵՎԱՆ
14° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ակնհայտ լարվածություն՝ «եղբայրական» երկրների միջև․ ինչո՞ւ է Ալիևը մերժել Էրդողանի հրավերը

Ակնհայտ լարվածություն՝ «եղբայրական» երկրների միջև․ ինչո՞ւ է Ալիևը մերժել Էրդողանի հրավերը

«Եղբայրական» Բաքվի և Անկարայի հարաբերություններում լարվածությունը մեծանում է՝ իսլամական արժեքների մեկնաբանման և Իսրայելի նկատմամբ վերաբերմունքի շուրջ առկա տարաձայնությունների պատճառով․ գրում է «Коммерсантъ»-ը։

Ադրբեջանի նախագահը վերջին պահին հրաժարվել է մեկնել Անկարա, որտեղ հոկտեմբերի 29-30-ն ընթանում էր Թյուրքական պետությունների կազմակերպության (ԹՊԿ) գագաթնաժողովը։

Իլհամ Ալիևն, ըստ էության, մերժել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ երկուստեք հարաբերություններում առկա սուր անկյունները հարթելու փորձերը։

Թյուրքական պետությունների կազմակերպության 13-րդ գագաթնաժողովն անց էր կացվում «Թյուրքական դար․ լեզվի, մտածողության և գործերի միասնություն» կարգախոսով։ Հիմնական թեմաներից մեկն էր տնտեսական ինտեգրացիայի ամրապնդման և համատեղ ուժերով միջազգային հակամարտությունների կարգավորմանը նպաստելու անհրաժեշտությունը։

Միջոցառման հյուրընկալը՝ Թուրքիայի նախագահը, մատնանշելով ԹՊԿ-ի համագործակցության վերոնշյալ ուղղությունները, մասնակիցների պատվին կազմակերպված պաշտոնական ընթրիքի ժամանակ հայտարարել է․ «Թյուրքական աշխարհի ընտանեկան շրջանակում տեղ չկա պառակտման, օտարացման և տարաձայնությունների համար։ Մենք բոլորս միասնական ենք, միասին ենք և, Աստծո կամքով, կմնանք եղբայրներ դարեդար»։

Այնուամենայնիվ, «ընտանեկան ջերմ մթնոլորտից» անդին կան որոշ տարաձայնություններ, գլխավորապես Ադրբեջանի նախագահի՝ գագաթնաժողովին չներկայանալը։ Ի դեպ, Ալիևի՝ Անկարա չմեկնելու մասին հայտնի է դարձել վերջին պահին՝ հոկտեմբերի 29-ին, երբ մյուս մասնակիցները՝ Ղազախստանի, Ղրղզստանի, Ուզբեկստանի և Թուրքմենստանի առաջնորդներն, արդեն Անկարայում էին։

Ադրբեջանի ղեկավարի մամուլի ծառայությունն այցի չեղարկումը բացատրել է Իլհամ Ալիևի աշխատանքային գերհագեցած գրաֆիկով։ Ըստ հաղորդագրության՝ հոկտեմբերի 30-ին նա պետք է մասնակցեր Բաքվում առաջին անգամ անցկացվող ՖԻՖԱ-ի փառատոնի մասնակիցների պարգևատրման արարողությանը։

Այսպես, գագաթնաժողովում Ադրբեջանը ներկայացրել է հանրապետության արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։ Եվ սա այն դեպքում, երբ Թյուրքական երկրների կազմակերպության նախագահությունն Ադրբեջանից փոխանցվել է Թուրքիային։

Իլհամ Ալիևի՝ գագաթնաժողովին մասնակցելուց ցուցադրաբար հրաժարվելը ընկալվել է որպես Բաքվի և Անկարայի հարաբերություններում խորը լարվածության ակնհայտ արտացոլում։

Նշենք, որ դրա պատճառն այն է, որ Ադրբեջանի հանրակրթական դպրոցներում փոխվել են համազգեստ հագնելու կանոնները, մասնավորապես՝ հիջաբ հագնելու արգելքը։

Էրդողանը, ըստ ամենայնի, փորձում էր հանգուցալուծել հակամարտության հետագա էսկալացիան և ցույց տալ երկխոսության պատրաստակամությունը։

«Թուրքիան առավելագույնս փորձում էր հարթել այս միջադեպը։ Չնայած դրան՝ Ադրբեջանն էլ իր հերթին փորձում է ցույց տալ, որ առաջնորդվում է սեփական շահերով։ Բաքուն ինքնավար լինելը հրապարակայնորեն ցույց է տալիս նույնիսկ այնպիսի մերձավոր դաշնակիցների հետ հարաբերություններում, ինչպիսին Թուրքիան է»,- պարբերականի հետ զրույցում բացատրել է Հետխորհդային հետազոտությունների կենտրոնի Կենտրոնական Ասիայի մասի վարիչ Ստանիսլավ Պրիտչինը։

Ս․Վ․

 

Ռազմագերիներ   Ռազմագերիներ