
Ալիևը մերժել է Էրդողանին և իր փոխարեն Թուրքիա ուղարկել Բայրամովին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չի կարողանա մասնակցել Թուրքիայում կայանալիք Թյուրքական պետությունների կազմակերպության (ԹՊԿ) գագաթնաժողովին՝ Բաքվում նախատեսված միջոցառումներին իր ներգրավվածության և խիտ աշխատանքային գրաֆիկի պատճառով։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Հոկտեմբերի 21-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույցի ժամանակ Ալիևին հրավիրել է մասնակցելու ԹՊԿ-ի 13-րդ գագաթնաժողովին։
Ալիևի հանձնարարականով՝ Ադրբեջանը գագաթնաժողովում կներկայացնի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։ Վերջինս արդեն հանդիպել է իր թուրք գործընկեր Հաքան Ֆիդանին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ադրբեջանա-թուրքական հարաբերությունների օրակարգային հարցերը, ինչպես նաև ԹՊԿ-ի շրջանակում համագործակցության տարբեր ոլորտներ։
Բացի այդ՝ կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային արդի հարցերի շուրջ։
Հիշեցնենք, որ վերջին շրջանում թուրք-ադրբեջանական հարաբերություններում նկատվում է լարվածություն։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավոր խորհրդական Օքթայ Սարալն ազատվել է աշխատանքից. պատճառը նրա քննադատական դիտողություններն էին Ադրբեջանի իշխանությունների հասցեին՝ դպրոցական համազգեստի պահանջների վերաբերյալ, որոնք, ի թիվս այլնի, արգելում են հիջաբ կրելը։
Հոկտեմբերի 21-ին Ադրբեջանի ԱԳՆ-ն 31 թուրք քաղաքացիների, այդ թվում՝ քաղաքական գործիչների, լրագրողների և բլոգերների, «անցանկալի անձ» էր հայտարարել և արգելել նրանց մուտքը երկիր։ Գերատեսչությունը բացատրել է, որ որոշումը կայացվել է սոցցանցերում և համացանցում նրանց հայտարարությունների պատճառով, «որոնք ուղղված էին Ադրբեջանի ինքնիշխանության, ազգային անվտանգության, սահմանադրական կարգի, ժողովրդի և ղեկավարության դեմ, ինչպես նաև հրահրում էին իշխանության բռնի փոփոխության կոչեր և կրոնական ատելություն»։


