
6.6 մլն դրամ՝ Էրիկին, 4.4 մլն դրամ՝ Իվետա Մուկուչյանին. Էջմիածնի տոնակատարության հաշիվը դեռ փակված չէ․ «Հետք»
Էջմիածնի 2711-ամյակի տոնակատարություններից 22 օր անց Վաղարշապատի համայնքապետարանը դեռ չի կարողացել կամ չի ցանկացել հանրությանը ներկայացնել, թե ընդհանուր որքան գումար է ծախսվել համայնքային բյուջեից միջոցառումների կազմակերպման համար. գրում է «Հետք»-ը։
«Փոխարենը համայնքապետարանի կայքում հետին ամսաթվով, հրապարակվում են համայնքի ղեկավարի առանձին որոշումները՝ տարբեր անձանց և ընկերություններին գումար փոխանցելու մասին։ Այդ որոշումները թույլ են տալիս մասամբ պատկերացում կազմել ծախսերի մասին, բայց չեն պատասխանում գլխավոր հարցին՝ որքան արժեցավ Էջմիածնի տոնակատարությունը հարկատուների համար։
2026 թ. հոկտեմբերի 8-ին Էջմիածնում կազմակերպվել էին համերգային ծրագիր, հրավառություն, թեմատիկ փառատոններ, մանկական ու ժամանցային միջոցառումներ և այլ ծրագրեր։ Մինչև միջոցառումների անցկացումը հայտնի էր միայն, որ համերգային ծրագրի բեմահարթակի և լուսավորության վարձակալության համար համայնքապետարանը «Իվենթ Պլատֆորմ» ՍՊԸ-ի հետ կնքել է 24 մլն դրամի պայմանագիր։
Տոնակատարություններից հետո միայն սկսեցին հրապարակել տարբեր ծառայությունների դիմաց վճարումների մասին համայնքի ղեկավարի որոշումները։ Ընդ որում՝ դրանք հրապարակվում են հետին ամսաթվով, երբ միջոցառումներն արդեն ավարտվել են, և հանրությունը փաստացի ստիպված է լինում առանձին փաստաթղթերից հավաքել համայնքային ծախսերի պատկերը։
Մասնավորապես՝ մի շարք որոշումների համարներ համայնքապետարանի կայքում հրապարակված են՝ առանց բովանդակության: Հետագայում դրանք լրացվում են և կորչում ընդհանուրի մեջ: Օրինակ՝ մինչև տոնական միջոցառումների օրը համայնքի ղեկավարի թիվ 1705 Ա որոշումն ուներ «Ֆին» վերնագիրը և դատարկ էր: Այժմ բովանդակությունը լրացվել է և պարզվում է, որ մոտ 5 մլն դրամանոց վճարում է:
Այս պահին էլ համայնքապետարանի կայքում դեռ կան դատարկ բովանդակությամբ որոշումներ՝ «սոց», «շինապրանքներ» վերնագրերով, որոնք կլրացվեն հետին ամսաթվով:
Հրապարակված որոշումներից տեղեկանում ենք, որ երգչուհի Իվետա Մուկուչյանի ելույթի կազմակերպման համար համայնքային բյուջեից վճարվել է 4 մլն 400 հազար դրամ, երգիչ Էրիկ Կարապետյանի համար «Լայթ Ափ Քոմփանի» ՍՊԸ-ին՝ 6 մլն 600 հազար դրամ, իսկ «Կամիֆրենդս Պրոջեքթ»-ի համերգի կազմակերպման համար՝ 2 մլն 500 հազար դրամ։ Հաղորդավարի ծառայության գինը կազմել է 300 հազար դրամ։
Միայն բեմահարթակի և լուսավորության վարձակալության պայմանագրի ու նշված համերգային ծառայությունների արժեքը կազմում է 37 մլն 800 հազար դրամ։ Սա դեռ տոնակատարությունների ամբողջական արժեքը չէ։
Հրավառության համար «Հոլիդեյ Դիզայն» ՍՊԸ-ին վճարվել է 4 մլն 997 հազար դրամ։
Մանկական և ժամանցային ծրագրերի համար նույնպես վճարվել է համայնքային բյուջեից։ Կավճանկարի, պղպջակների շոուի և հեքիաթների հերոսների ծառայությունների համար անհատ ձեռնարկատեր Գոհար Մարտիրոսյանին վճարվել է 220 հազար դրամ։ Բատուտի ծառայությունն արժեցել է 100 հազար, ֆոտոնկարահանումը՝ 160 հազար, իսկ հրավիրատոմսերի պատրաստումը՝ 280 հազար դրամ»,- նշում է լրատվամիջոցը։
Հրապարակումն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրում։




