
Ֆրանսիայի դպրոցականները մտադիր են վերսկսել ցույցերը
Ֆրանսիայի ավագ դասարանի աշակերտներն արձակուրդներից հետո մտադիր են վերսկսել բողոքի ակցիաները։ Այս մասին հայտարարել է աշակերտական արհմիության համանախագահ Մարիուս Մենիլը․ գրում է РИА Новости-ն։
«Երեքշաբթի օրվանից կլինեն նոր շրջափակումներ (դպրոցների)։ Քանի դեռ մեզ չեն լսում, ակցիաները շարունակվելու են։ Եթե իշխանության ներկայացուցիչները մեր հարցերին չտան գոհացնող ու սպառիչ պատասխան, կշարունակենք ակցիաները, ու բողոքի շարժումը կշարունակվի էլ ավելի մեծ թափով՝ տևելով մի քանի շաբաթ կամ նույնիսկ ամիս»,- ասել է նա։
Մենիլը նշել է, որ երկուշաբթի օրն արհմիության անդամ ավագ դպրոցականները հետագա գործողությունների վերաբերյալ ժողովներ կանցկացնեն։
Նրա խոսքով՝ աշակերտները դասերի չեն գնա այնքան ժամանակ, մինչև որ իրենց պահանջների կատարման վերաբերյալ երաշխիք չստանան։
Հիշեցնենք, որ աշակերտները բողոքում են ուսումնական ծանրաբեռնված ծրագրից, դպրոցների վատ վիճակից, ուսուցիչների պակասից և կրթության ոլորտի այլ հիմնախնդիրներից։
Նշենք նաև, որ դպրոցականների ցույցերը վերաճել ու դարձել են համազգային․ ֆրանսիացիներն այժմ դժգոհում են ոչ միայն կրթության որակից, այլև գնաճից ու սոցիալական բնույթի այլ հարցերից։


