Հայրենահանձնման գործընթացը հասնելու է Սյունիքին, Գեղարքունիքին ու ՀՀ մյուս մարզերին․ Բագրատ սրբազան
Ինչպես Տավուշն է հայրենիքի դարպասներ պահում, այնպես էլ Սյունիքն է այսօր պետության դարպասները պահողը դարձել հարավային հատվածում։ Սակայն այդ դարպասները մի քանի տարի առաջ հարյուրավոր կիլոմետր հեռավորության վրա էին։ Այսօր Մեղրիում հանրահավաքի ժամանակ ասել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։ Խոսելով այցի նպատակից արքեպիսկոպոսը նշել է․ «Առաջին կետը այստեղ էր, որովհետև այն աղետը, ինչը տեղի է ունենում Տավուշում, հասնելու է Սյունիք, Գեղարքունիք, Արարատի մարզեր։ Հայրենահանձնման այս գործընթացը տևապես շարունակվելու է և Տավուշից մեկնարկած մեր շարժումը հենց այդ գործընթացը կանխելուն է ուղղված։ Թե որքան ենք հաջողել կամ չհաջողել հենց Տավուշում, այս պահին կարևոր չէ, բայց ուզում եմ ընդգծել, որ մենք գործում ենք պետական մի ամբողջ կեղտոտ ապարատի դեմ, որի երազանքը 2-ն է՝ փողն ու պաշտոնը, իսկ գործիքը՝ սուտն ու խաբեությունը։ Սուտը եղել է բոլոր գործողություններում»,- ասել է Բագրատ սրբազանը։
Որպես հասարակ ստի օրինակ՝ Բագրատ սրբազանը մատնանշեց դեպի Սյունիք տանող ճանապարհի վիճակն ու ասաց՝ ամենուր ասֆալտապատման մասին են խոսում, որտե՞ղ է արյդունքը։
«Այս ճանապարհը մեզ համար ստրատեգիական նշանակություն ունի և նման վիճակում չպետք է գտնվի։ Սա կյանքի ճանապարհ է՝ հասկանու՞մ եք։ Դե էլ հարմարավետությունից չեմ խոսում»։
Սրբազանը ելույթի ժամանակ, խոսելով շարժման ընդհանուր գաղափարից, ասել է, որ այս պայքարով պատասխան են հասցնում նահատակված հերոսներին՝ հայրենիք ու երազ վերադարձնելու հույսով։
«Եթե դրանով չենք ապրելու, մեզ արդյունքում մնալու է խոսք, վատագույն դեպքում ցավակցություններ հայտնել մյուսներին։ Այսօր առաջին անգամ ծանոթանալով Սյունիքի՝ հայրենիքի հայրերի ու մայրերի հետ՝ հայցում ենք ձեր օրհնությունն ու աղոթքները, որպեսզի չսխալվենք»,- ասել է Բագրատ սրբազանը։