Մենք բացասաբար ենք գնահատում ԵՄ առաքելության գործունեությունը Հայաստանում․ Գալուզին
Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ ղեկավարի տեղակալ Միխայիլ Գալուզինը, մեկնաբանելով Հայաստանում ԵՄ առաքելության աշխատանքը, РИА Новости-ին ասել է, որ հիմքեր կան ենթադրելու, որ այսպես «Արևմուտքը հետախուզական տվյալներ է հավաքում ռուսական օբյեկտների, ինչպես նաև Հայաստանին հարևան բոլոր պետությունների վերաբերյալ»։
«Մենք բացասաբար ենք գնահատում ԵՄ առաքելության գործունեությունը Հայաստանում, ինչի մասին բազմիցս ասվել է»,- ասել է նա։
Նրա խոսքով, «Եվրամիության խնդիրն ակնհայտ է․ դա տարածաշրջանում ոտք դնելու փորձ է՝ ի վնաս հարավկովկասյան պետությունների ավանդական գործընկերների և հարևանների՝ Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի շահերին»։
«Մենք ԵՄ դիտորդների աշխատանքից որևէ շոշափելի արդյունք չենք տեսնում»,- ընդգծել է նա և հավելել, որ նրանց ներկայությունը չի կանխել հայ-ադրբեջանական սահմանին պարբերական սրացումները։
«Նրանք իրենց զեկույցներն ուղղակիորեն ուղարկում են Բրյուսել և չեն կիսում դրանք նույնիսկ հայկական կողմի հետ, կան բոլոր հիմքերը ենթադրելու, որ արևմտյան երկրները հետախուզություն են հավաքում ռուսական օբյեկտների, ինչպես նաև Հայաստանին հարևան բոլոր պետությունների վերաբերյալ», – ասել է Գալուզինը։