Ազդարարվել է «Արծիվ գործընկեր-2024» հայ-ամերիկյան համատեղ զորավարժության մեկնարկը
«Հուլիսի 15-ին ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում ազդարարվել է «Արծիվ գործընկեր-2024» հայ-ամերիկյան համատեղ զորավարժության մեկնարկը։
Զորավարժության բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինը և այլք։
Հնչել են ՀՀ և ԱՄՆ պետական օրհներգերը, «Արծիվ գործընկեր» զորավարժության օրհներգը։ Զորավարժությանը ներգրավված զինծառայողներին ողջույնի խոսք են հղել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը և ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը։
Զորավարժությանը ներգրավված են ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի, Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ցամաքային զորքերի և Կանզասի ազգային գվարդիայի զինծառայողները:
Զորավարժությունը ենթադրում է խաղաղապահ առաջադրանքների ընթացքում հակամարտող կողմերի միջև կայունացման գործողություններ։
Զորավարժության նպատակն է բարձրացնել միջազգային խաղաղապահ առաքելությունների մասնակցող ստորաբաժանման փոխգործակցելիության մակարդակը խաղաղապահ գործողությունների շրջանակում, իրականացնել կառավարման և մարտավարական հաղորդակցման լավագույն փորձի փոխանակում, ինչպես նաև բարձրացնել հայկական ստորաբաժանման պատրաստվածությունը»,- ասված է ՀՀ ՊՆ մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։