20 Սեպ
2026
23° c ԵՐԵՎԱՆ
18° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Թուրք-ադրբեջանական վայրագությունները Արցախում՝ 1919 թվականին

Թուրք-ադրբեջանական վայրագությունները Արցախում՝ 1919 թվականին

1919 և 1920 թվականներին Հայաստանը և Արցախը դառնում են աշխարհաքաղաքական և տարածաշրջանային իրադարձությունների թատերաբեմ: Այդ թվականները լի էին արյունալի իրադարձություններով:

Մասնավորապես 1919 թվականին Խոսրով բեկ Սուլթանովը նշանակվում է Արցախի գեներալ-նահանգապետ: Ամիսներ անց Արցախը ժամանակավորապես հայտնվում է Ադրբեջանի կազմում։ Սուլթանովի նշանակումն Արցախում մեծ դժգոհություն է առաջացնում: Նրա պաշտոնավարումը ուղեկցվում է հայ բնակչության նկատմամբ քաղաքական և ռազմական ճնշումներով։ Արդեն  հունվարին ադրբեջանական զորագունդը բրիտանական ստորաբաժանման հետ մտնում է Ստեփանակերտ։ Սուլթանովի վարած քաղաքականության մասին վկայում է նաև ժամանակի մամուլը:  Մասնավորապես Արցախում տպագրված պարբերականները մանրամասներ են հայտնում թուրք-թաթարական հրոսակների հանցագործությունների մասին, որոնք ուղեկցվում էին բրիտանական զորքերի լռությամբ։ Շուշիում տպագրվող թերթերը մանրամասներ են հայտնում 1919 թվականի փետրվարին տեղի ունեցած վայրագությունների մասին. «Փետրվարի 26-ին տեղի են ունենում Թթու ջրի սպանությունները, որին զոհ են գնում Գորիսից վերադարձող Դավիթ Հարությունյանը, Սարգիս Հովհաննիսյանը, վիրավորվում են Արշակ Կարապետյանը և Տեղի գյուղացի Դավիթը: Սպանվածների դիակները բերում են և ներկայացնում են Անգլիայի միսսիային»: («Արցախ», 1919, N 2):

«Փետրվարի 24-ին N 12 գրությամբ  Շահումյանից տանուտերը հաղորդում է ինը հոգու սպանության մասին թուրքերի ձեռքով»: (Նույն տեղում):

«Փետրվարի 24 N 48 գրությամբ Էրքէջի հասարակության տանուտերը տեղեկացնում է, որ թուրքերն սպանել են Էրքէջ գյուղից մի հոգու, Մանասինշեն գյուղից մի հոգու, Շահումյանից 3 հոգու, Կարաչինարից՝ կրկին երկու հոգու: Այդ բոլոր սպանությունները կատարել են միևնույն օրը՝ փետրվարի 22-ին»: (Նույն տեղում):

1919 թվականը դարձավ Արցախի նկատմամբ թուրք-թաթարական վայրագությունները իրականացնելու և հայ բնակչությանը ճնշելու հետևողական քաղաքականության սկիզբ։ Արյունալի բռնություններն ու էթնիկ զտումները ցույց տվեցին, որ Արցախի նկատմամբ թշնամին ունի միայն մեկ նպատակ՝ օկուպացնել և ենթարկել էթնիկ զտման:

Այդ ծրագրերի տրամաբանական հանգուցալուծումը դարձավ 1920 թվականի Շուշիի կոտորածը:

Ռազմագերիներ   Ռազմագերիներ