20 Սեպ
2026
23° c ԵՐԵՎԱՆ
18° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Արցախը հանձնելու փուլերը

Արցախը հանձնելու փուլերը

2020 թվականի Արցախյան պատերազմի 44 օրերի ընթացքում ոչ մի վայրկյան իմ մտքում թույլ չեմ տվել պարտության միտքը։ Արցախը պիտի լիներ, Արցախը պիտի ապրեր։

Ամենասաստիկ ռմբակոծության տակ անգամ, երբ ամեն հաջորդ վայրկյանը կարող էր չլինել, հստակ էր մի բան. Արցախը պիտի լինի։

Նոյեմբերի 9-ի առավոտյան, երբ #հաղթելու_ենք պատրանքը դեռ տարածվում էր ակտիվորեն, ցերեկն ու երեկոյան, երբ անհասկանալի ու անորոշ էր, թե ովքեր են Շուշիում, հստակ էր մի բան. Արցախը լինելու է։

Նոյեմբերի 9-ի գիշերը «Արցախը լինելու է»-ն հիմնահատակ խարխլվեց։ Հանձնվում էր Քարվաճառը, գրավվել էր Շուշին, գրավված էին շարունակում մնալ Հադրութը, Քաշաթաղի մի մեծ մասը. մի խոսքով, Արցախի ողնաշարն ու կենսական երակները։ Նոյեմբերի 9-ի գիշերը դժվար էր հավատալ, որ «Արցախը լինելու է»։

Նորագույն պատմության մեր պատմական մեծ, եթե ոչ՝ միակ, հպարտությունը՝ Արցախի ազատագրումը, հավասարվել էր գետնին. ուր էր, թե մենք էլ գետինը մտնեինք։

«Վերջ, էլ չկա Արցախը, առանց Քարվաճառի չկա Արցախը»,- Քարվաճառից հեռանալուց հետո ամիսներ շարունակ համոզված էի. ես հանձնել էի իմ բաժինը Արցախը։

Արցախը պետք է վերագտնեի պատերազմից մի քանի ամիս անց` Ստեփանակերտ գնալով։

Պաշարված ճանապարհ, օտար դրոշներ, քո հայրենիք գնալու ճանապարհին օտարին անձնագիր ցույց տալու անպատմելի նվաստացում. անցնում ես այս ամենի միջով, որ հասնես չորս կողմից պաշարված Ստեփանակերտ, որն այդ ժամանակ ունեցածդ Արցախն է։ Արցախ, որ մասնատված է, հոշոտված, օդից կախված, բայց հավատում էի, որ շարունակում է ապրել։ Ու ինքս էլ որոշեցի ապրել օդից կախված մի բուռ Արցախում։

Հետո՝ լիակատար ու բացահայտ շրջափակում։ Թվում էր՝ Արցախը փրկելու միակ հնարավորությունն այն սրտումս ամուր պահելն ու մտքումս Արցախի վերջնական կործանումը բացառելն է։

Ստացվում էր։ Համոզված էի. քանի դեռ ես ամուր պահում եմ, Արցախն ապրելու է։

Շրջափակման վերջին ակորդներն էին. ադրբեջանական այլուրը մտավ Ասկերան։ Հավատս չդիմացավ. ամուր պրկված կապերը թուլացան. պոկվեցին. Արցախը հանձնվեց. իմ սրտում. իմ մտքում։ Հույսը կորավ։ Արցախը երկրորդ անգամ հանձնել եմ ոչ թե Հակարիի կամուրջն անցնելով, այլ այն պահին, երբ ադրբեջանական ալյուրը մտավ Ասկերան։

Երրորդ անգամ վերագտա Արցախը՝ որոշելով, որ Արցախի մասին հիշելով եմ այն պահելու. իմ մեջ, ինձ համար։ Ու մի օր հասկացա, որ սկսել եմ մոռանալ ու խառնել Արցախի գյուղերի անունները…  Արցախի հանձնման այս մի փուլն ինձ ամենաշատն է վախեցնում…

Թամարա Գրիգորյան 

Ռազմագերիներ   Ռազմագերիներ