Բագրատ սրբազանը դիմել է պետական պաշտոնյաներին, ուժայիններին, միջազգային գործիչներին
«Սրբազան պայքարի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը համախոհները երթով շարժվում են դեպի Հանրային հեռուստատեսություն։ Այս մասին հայտարարել է Բագրատ սրբազանը։
«Մենք գնում են հանրային հեռուստատեսություն, ինչու՞, որովհետև ստի քարոզչության օջախը, թունավորման կետը, իրենց ֆեյքերի ՊՈԱԿ-ի հետ միասին, գտնվում է այնտեղ, որին հովանավորում են բազմաթիվ գործարարներ։ Մենք այնտեղ գնալու ենք ուղիղ եթերի պահանջով, որպեսզի մեր ժողովրդի լայն զանգվածները կարողանան մասնակից լինել իրական տեղեկության։ Այդ ստի և կեղծիքի որջը պետք է դադարի իր գործունեությունը»,- հայտարարել է Բագրատ սրբազանը։
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի խոսքով՝ պայքարի բովանդակությունը չի փոխվում, իսկ նա շարունակում է կանգնել պայքարի ակունքում՝ բարձրագույն պատասխանատվությամբ։
«Չեմ նստել ու մտածել՝ իմ փոխարեն ուրիշը կանի, քաղաքականություն չեմ խաղացել, և չեմ փորձել քաղաքական դիվիդինտներ շահել, հարմար պահ լինելուն պես խորհրդարան խցկվել։ Ես եղել եմ և մնալու եմ այս պայքարում՝ հակառակ զրկանքների։ Կոչ եմ անում քաղաքական և այլ հավակնություններ ունեցողներին թոթափել այդ անիմաստ հավակնությունների բեռը, մի կողմ թողնել վախերն ու անհանգստությունները։ Մեր դիմաց դավաճանական նոր ծրագրեր են գործվում, հայրենահանձնման նոր պլանավորումներ։ Ես չեմ եկել ո՛չ արդարանալու, ո՛չ ինքս ինձ արդարացնելու։ Այս պայքարը շարունակելու ենք, քանի մեր երկրում է տիրում այս չարիքը»,- ասել է Բագրատ սրբազանը։
Խոսելով շարժման պլաններից՝ Բագրատ սրբազանը նշել է՝ ի սկզբանե ձգտել են ավելի արագ լուծումներ գտնել, սակայն դրանք երկարաձգվել են։ Նա ընդգծել է՝ այս պայքարում կհաղթի նա, ով աննահանջ է, հետևողական և մի մտածեք՝ հնարավոր կամ անհնար լինելու մասին, այլև մտածեք ու գործեք՝ անհրաժեշտ լինել/չլինելու շուրջ։ Այս պայքարը անհրաժեշտ է։
«Մեզ ընդհանրական համախմբում է պետք, ոչ թե զգացմունքային, այլև գաղափարական։ Ինձ անընդհատ մեղադրում են այս կամ այն ուժերին ծառայելու և սատարելու համար, բայց մեկ անգամ չէ, որ դրա մասին ասում եմ։ Ինձ համար միակ արժեքը հայրենիքը պահելն է դավաճաններից։ Մենք սատարվելու կարիք չունենք ո՛չ ներսից, ո՛չ դրսից։
Դիմելով Հայաստանում ապրող մեծահարուստ քաղաքական գործիչներին․ դուք հարստացել եք ամբողջ ժողովրդի դրամներով ու լումաներով, հարստացել եք նաև Արցախով, որ այսօր գոյություն չունի։ Արցախի ճակատագրին է արժանանալու նաև Հայաստանը, եթե շարունակեք նույն կեցվածքով շարունակել։ Կարծում եմ՝ ձեր հայրենիքը, ձեր ունեցվածքն է։ Դուք ինձ բազմիցս ասել եք՝ ձեզ ճնշում են, վախեցնում, դուք անամոթաբար վախենում եք խարդախաբար կամ ոչ վաստակած լումաները կորցնելու՞ց։
Դուք պետք է հանգիստ չունենաք այս երկրում։ Դուք վախենում եք այս իշխանությունից, վախենում եք այս կամ այն կորցնելու և եթե մեր պետության իրավունքները չեք պաշտպանում, գոնե ձեր իրավունքները պաշտպանեք»։
Անդրադառնալով ԱԱԾ և ՆԳՆ հայտարարություններին՝ Բագրատ սրբազանը նշել է․ «ԱԱԾ-ից պատվաբեր սպաներից ակնկալիք ունենք, նրանք կձերբակալեն հակասահմանադրական գործողություն իրականացնող պետական գործիչներին։ Այսօր դուք սա մենակ հոխորտանք կարծեք, բայց դա իրականություն է դառնալու։ Իսկ Սահմանադրական դատարան կոչվածը հանցագործներով է լցված վերից վար։ Սահմանադրական դատարանի աշխատողներ, ոստիկաններ նայեք ձեր երեխաների, կանանց, ամուսինների աչքերին, դուք ծառայում եք մի ռեժիմի, որ հայրենիք է վաճառում, դուք ձեզ կերակրում եք ինչ-որ կեղծ թեզեր ու լռում, բայց բավական է։ Սահմանադրական դատարանը գործել է ամենամեծ հանցանքը, որը ուղղակի չի անցնելու։ Դուք հանցագործ եք, հանցագործ։
Հարգելի պետական պաշտոնյաներ, մի լվացեք ձեր ձեռքերը այս գործընթացից, որովհետև ինչ-որ չափով հանձն եք առել պետություն պահելու։ Դուք առաջին ձեռքից գիտեք, թե ինչ է սպասվելու մեր երկրում, և առանձին հանդիպումներում խոսում եք դրանց վտանգավորության մասին։ Բավական է թաքուն, պատերի տակ բողոքեք, բարձրաձայնեք խնդիրը և մաս կարծեք այն լուծելու։
Միջազգային գործիչներին եմ դիմում․ ես լավ գիտեմ, որ այս խամաճիկը ձեզ ձեռնտու է, այս պատից այն պատին զառնելով, գրկից գիրկ անցնելով ձեր ցանկությունն է իրականացնում։ Բայց մեզ համար գոյություն ունի մեկ շահ՝ պետական շահը, հայկական օրակարգը առաջ տանելը»,- ասել է Բագրատ սրբազանը։
Նա ընդգծել է՝ սա գոյապայքար է, ազատագրական պայքար և այն շարունակվելու է այնքան ժամանակ, որ վռնդեն այս չարիքին։