
ԱՄՆ-ն Իրանին ճնշում է՝ համաձայնելու միջուկային գործունեության 20-ամյա մորատորիումին․ The Financial Times
ԱՄՆ-ն ճնշում է գործադրում Իրանի վրա՝ համաձայնելու իր միջուկային գործունեության, այդ թվում՝ ուրանի հարստացման 20-ամյա մորատորիումին: Դա պատերազմն ավարտելու համապարփակ համաձայնագրի հասնելու պայմաններից մեկն է․ գրում է The Financial Times-ը։
Իսլամաբադում բանակցություններն ավարտվել են նրանով, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, որը գլխավորում էր ամերիկյան պատվիրակությունը, մեղադրել է իսլամական հանրապետությանը, իր խոսքով, միջուկային զենք երբեք չմշակելու պարտավորության բացակայության համար:
Դիրքորոշումների տարբերությունն ընդգծում է պատերազմող կողմերի միջև առկա հսկայական անջրպետը և այն խոչընդոտները, որոնք պետք է հաղթահարվեն, եթե ԱՄՆ-ն և Իրանը ցանկանում են համաձայնության գալ իրենց ավելի քան 5 շաբաթ տևած պատերազմն ավարտելու համար։
Պակիստանցի դիվանագետը նշել է, որ երկրի ռազմական ղեկավար Ասիմ Մունիրը, որը միջնորդել է շաբաթավերջյան բանակցությունները, «ակտիվորեն աշխատում է ոսկե միջին» գտնելու ուղղությամբ։
FT-ն հաղորդում է, որ ԱՄՆ-ն և Իրանը շարունակում են հաղորդագրություններ փոխանակել միջնորդների միջոցով։ Վերջիններս ձգտում են համոզել կողմերին անցկացնել ավելի ցածր մակարդակի «տեխնիկական բանակցություններ»՝ տարաձայնությունները լուծելու համար, այդ թվում՝ նեղուցի վերաբացման և Իրանի միջուկային ծրագրի շուրջ։
Դիվանագետները հայտնել են, որ երկու կողմերն էլ բանակցությունների մեջ են մտել մաքսիմալիստական դիրքորոշումներով։
Հետագա բանակցությունների մասին հարցին Վենսը պատասխանել է, որ «գնդակը իրականում նրանց դաշտում է»։ Նա կրկնել է, որ Վաշինգտոնը ցանկանում է, որ Թեհրանն իր հարստացված ուրանի պաշարները դուրս բերի հանրապետությունից։
Սակայն Իրանը դա համարում է «կարմիր գիծ»՝ հղում անելով իր իրավունքին՝ որպես չտարածման մասին պայմանագրի ստորագրող կողմ։
Իրանը պնդում է պատժամիջոցների մեղմման և իր արտասահմանյան ակտիվների ապասառեցման վրա՝ որպես ցանկացած համաձայնագրի մաս։


