
Կիսամութ ու կիսածարավ մայրաքաղաք․ Կիևում Հոսանքի, ջրի ու ինտերնետի խնդիր կա
Էլեկտրաէներգիայի վթարային անջատումներ են սկսվել Կիևում և Կիևի մարզում․ գրում են ռուսական լրատվամիջոցները՝ հղում անելով «Դոնբասի վառելիքաէներգետիկ ընկերություն» էներգետիկ հոլդինգի տարածած հաղորդագրությանը։
«Կիև և Կիևի մարզ․ «Ուկրէներգո» ազգային էներգետիկ ընկերության հրահանգով կիրառվել են վթարային անջատումներ»,- ասված է ընկերության Telegram-ի ալիքում։
Նախօրեին Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտնել էր, որ քաղաքը մասամբ մնացել է առանց լույսի ու ջրի։ Նրա խոսքով՝ էլեկտրամատակարարման խափանման պատճառով մայրաքաղաքի ջրամատակարարման պոմպակայանների մի մասը մնացել է առանց հոսանքի, իսկ քաղաքի աջափնյա հատվածում ջրի մատակարարումը խաթարվել է։
Ուկրաինական «Տելեգրաֆ» պարբերականն իր Telegram-յան ալիքում հայտնել է, որ խափանումները տեղի են ունեցել պայթյունից հետո։
«Страна.ua» լրատվամիջոցի փոխանցմամբ էլ՝ Ուկրաինայի մայրաքաղաքում խնդիրներ են առաջացել նաև ինտերնետի հետ։


