
Հայաստանում մտքի տեռորը պետք է վերացվի․ պահանջում ենք հստակ իրավական գնահատական․ Genesis Armenia
Խստագույնս դատապարտում ենք մեդիափորձագետ և լրագրող Նաիրի Հոխիկյանի նկատմամբ իրականացված հարձակումը. ասված է ասված է Genesis Armenia ուղեղային կենտրոն/հիմնադրամը հայտարարությունում։
«Նախընտրական Հայաստանում իշխող կուսակցության թողտվությամբ և միտումնավոր լռության պայմաններում՝ վախի մթնոլորտի տարածումն ու կիրառումը խոսում է բացառապես մտքի տերորն ու անպատժելիության մշակույթն օրինականացնելու մասին։ Մենք գործ ունենք ոչ միայն մեկ քաղաքացու և լրագրողի իրավունքների կոպտագույն խախտման, այլև խոսքի ու մտքի ազատության, մամուլի անկախության և ժողովրդավարական հիմնարար արժեքների ոտնահարման հերթական դրսևորման հետ։
Անթույլատրելի է, որ քաղաքական որևէ ուժի ներկայացուցիչ բռնության, սպառնալիքների, հայհոյանքների կամ ճնշման միջոցով փորձի լռեցնել այլակարծությունը, փորձի առևանգել կամ ահաբեկել իշխանության գործունեությունը քննադատող անձանց։ Նման գործողությունները չեն կարող որևէ քաղաքական կամ բարոյական արդարացում ունենալ և պետք է ստանան հստակ իրավական գնահատական։
Իրավապահ մարմիններից պահանջում ենք անհապաղ, օբյեկտիվ և ամբողջական քննություն իրականացնել, բացահայտել միջադեպի բոլոր հանգամանքները, պատասխանատվության ենթարկել մեղավորներին՝ անկախ նրանց քաղաքական պատկանելությունից կամ զբաղեցրած դիրքից։
Ժողովրդավարական պետությունում քաղաքական պայքարը պետք է ընթանա գաղափարների, փաստարկների և հանրային բանավեճի դաշտում, այլ ոչ թե բռնության, սպառնալիքների և վախի մթնոլորտի ստեղծման միջոցով։ Ցանկացած փորձ՝ լռեցնելու լրագրողներին, փորձագետներին կամ հասարակական գործիչներին, հարված է ոչ միայն կոնկրետ անձին, այլև հանրության տեղեկացված լինելու իրավունքին և Հայաստանի ժողովրդավարական զարգացման հեռանկարին»,- նշված է հայտարարությունում։


