
Ասում էր՝ լոլիկի գումարն էլ կտանք, վարուգինն էլ․ դե թող բերի, տա՝ վարկերս փակեմ․ գյուղացիները չգիտեն՝ որտե՞ղ իրացնել բերքը
Արտահանում չկա, դաշտի լոլիկն էլ տեղական շուկայում չի ծախվում, ու ստիպված շուկաներից հավաքում, տուն ենք բերում․ դժգոհում են Երևան-Երասխ ճանապարհը փակած և այդկերպ դժգոհությունն արտահայտող գյուղացիները։
Ռուսաստանի՝ բուսասանիտարական ապրանքների համար պատասխանատու գերատեսչության որոշումների հետևանքները ուղղակիորեն տարածվել են հայ մշակների վրա։ Ոչ միայն լոլիկը, այլև ծիրանը, հանքային ջուրն ու բազմաթիվ այլ ապրանքներ ռուսաստանյան շուկաներ չեն հասնում՝ արգելված է։
Արտահանման խոչընդոտը ե՞րբ է վերանալու, ու այդ ուղղությամբ ի՞նչ քայլեր է անում մեր երկրի կառավարությունը․ հարցերի պատասխանները մարդիկ ցանկանում են լսել պատասխանատու օղակներից։
«Լավ, արտահանման հարցը չեն կարողանում լուծել, թող գործարան բացեն, էդտեղ հանձնենք։ Էսպես ո՞նց կլինի, էսպիսի բան ո՞վ է անում, ո՞վ է փակելու մեր վարկերը»,- նեղսրտում է գյուղացիներից մեկը։
Կա նաև մեկ այլ խնդիր՝ պահածոների գործարանները բերք չեն ընդունում՝ ըստ երևույթին արտադրական սահմանափակումների պատճառով։ Սրա վերաբերյալ գյուղացիների մեկնաբանությունն այսպիսին է․ «Մասնավոր գործարան ա, ինչպես ուզում, էնպես էլ անում են, էլի»։
«Ոնց էր ասում՝ պոմիդորի փողն էլ կտանք, վարունգինն էլ, կլուբնիկինն էլ, դե թող բերի, տա։ 8 մլն գումար էի վերցրել, դրել դաշտի վրա, հիմա ո՞վ ա տալու դրա պատասխանը»,- վրդովվում են հողագործները։


