
Ո՞ր դեպքում 6 և ավելի երեխա ունեցող ընտանիքները յուրաքանչյուր երեխայի համար կստանան 4 մլն դրամ
6 և ավելի երեխա ունեցող ընտանիքները յուրաքանչյուր երեխայի համար կստանան 4 մլն դրամ՝ բնակարան ձեռք բերելու համար․ որոշումը, որի հեղինակը ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարությունն է, գործադրի նիստում ընդունվեց միաձայն։
Որպեսզի այդ ընտանիքները ստանան պետական աջակցություն, պետք է համապատասխանեն գործադրի սահմանած չափանիշներին։ Իսկ այդ չափանիշները, ըստ Նիկոլ Փաշինյանի, սահմանվում են կարիքավորության իրական սահմանի գնահատականով։
«Եթե բազմազավակ ընտանիքը որոշի գյուղական բնակավայրում տուն կամ բնակարան ձեռք բերել, ապա կստանա հավելյալ 4 մլն դրամ՝ կյանքը կազմակերպելու համար»,- մանրամասնեց Փաշինյանը։
Ըստ որոշման՝ ծրագրի շահառու կարող են դառնալ 2027 թվականի հուլիսի 1-ի դրությամբ 6 և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքները։
Ծրագրից օգտվելու համար ընտանիքի բոլոր անդամները պետք է լինեն ՀՀ քաղաքացի։ Բացի այդ՝ շահառուն և գրանցված ամուսնության առկայության դեպքում՝ նաև նրա ամուսինը պետք է լինեն ՀՀ ռեզիդենտ և ներկայացրած լինեն նախորդ տարվա եկամուտների հայտարարագիր։
Շահառուի կամ ամուսինների հայտարարագրում ներկայացված եկամուտների հանրագումարը չպետք է գերազանցի 10 մլն դրամը։


