
Դաստիարակին անազատության մեջ պահելու համար հիմքը միայն ծնողների բողոքը չէ. նոր մանրամասներ` Փոքր Վեդիի միջադեպից
Փոքր Վեդիի մանկապարտեզում բռնության ենթարկված երեխայի ծնողները դաստիարակի դեմ բողոք չեն ներկայացրել։
ՔԿ նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանն ABC media-ի հետ զրույցում ասաց, որ դաստիարակին մինչև 72 ժամով ձերբակալելու որոշում է կայացվել։
Ճշտող հարցին, թե արդյոք դաստիարակը 72 ժամ հետո ազատ կարձակվի, եթե ծնողները չբողոքեն, Աբրահամյանը պատասխանեց, որ անազատության մեջ պահելու համար հիմքը միայն ծնողների բողոքը չէ:
«Իր հոդվածը ՀՀ քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներն են, (անչափահասի նկատմամբ Ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը), ըստ որի նախաձեռնվել է քրեական վարույթ և սկսվել է նախաքննություն՝ դեպքի հանգամանքները պարզելու, մանկապարտեզի աշխատակիցների արարքներին իրավական գնահատականներ տալու ուղղությամբ։ Նախաքննությունից հետո մեղադրանք ներկայացնելու հարց պիտի լուծվի»,- ասաց Աբրահամյանը:
Աբրահամյանի խոսքով` ՀՀ քննչական կոմիտեն, նախաքննության արդյունքների վերաբերյալ ընթացքում, թույլատրելիության սահմաններում անհրաժեշտ տեղեկություն կտրամադրի։ Քննչական կոմիտեն հորդորում է նաև, խուսափել ինչպես երեխայի, այնպես էլ ձերբակալված անձի վերաբերյալ անձնական տվյալներ հրապարակելուց՝ ելնելով ինչպես երեխայի լավագույն շահից, այնպես էլ անմեղության կանխավարկածի սկզբունքից։
Հիշեցնենք, որ Ոստիկանությունից ՀՀ քննչական կոմիտե է փոխանցվել 2024թ․ հուլիսի 26-ին Փոքր Վեդու «Զարթոնք» նախադպրոցական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ-ի տնօրենի կողմից տրված հաղորդումը՝ նշված մանկապարտեզի ննջասենյակում, դաստիարակի կողմից մանկապարտեզի ավագ խմբի սաներից մեկին ծեծի ենթարկելու վերաբերյալ։