25 Նոյ
2024
8.8° c ԵՐԵՎԱՆ
5.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հայտնի են Արտաշատում տեղի ունեցած սպանության հանգամանքները

Հայտնի են Արտաշատում տեղի ունեցած սպանության հանգամանքները

Արտաշատում հնչած կրակոցների արդյունքում մահացել են 46-ամյա բնակիչ Արտակ Մաթևոսյանը և 15-ամյա Ռուբեն Ռուբենյանը։ Վերջինս «Արտաշատ» ԲԿ վիրահատարանում է մահացել․ այս մասին հայտնում է ոստիկանության լրատվական ծառայությունը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ կրակոցներ են հնչել Արարատի մարզում, կա 2 զոհ, ևս 4–ը վիրավոր են։Ահազանգով կրակոցների վայր մեկնած իրավապահները տեղում՝ Արտաշատ քաղաքի Կամոյի փողոցի տներից մեկի բակում, հայտնաբերել էին որսորդական հրազենից կրակված մոտ 10 պարկուճ, «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենա՝ դիմապակին ամբողջությամբ վնասված, և արնանման հետքեր։

Ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ նոյեմբերի 8-ին՝ ժամը 21։00-ին, «Արտաշատ» բժշկական կենտրոնից ՆԳՆ ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ բուժօգնության են դիմել հրազենային վնասվածքներով 4 քաղաքացի։ Նրանից երեքը բուժօգնություն են ստանում, իսկ Ազատամարտիկների փողոցի 15-ամյա բնակիչ Ռուբեն Ռուբենյանը վիրահատարանում մահացել է:

Ոստիկանությունը պարզել է, որ նույն օրը՝ ժամը 20։20-ի սահմաններում, Արտաշատից Ոստան գյուղ տանող ճանապարհի հարակից տարածքում զավակների հետ կապված վիճաբանության ժամանակ Արտաշատի Ազատամարտիկների փողոցի բնակիչ 46-ամյա Արտակ Մաթևոսյանը և Աղայան փողոցի բնակիչ 45-ամյա տղամարդը, ըստ նախնական տվյալների, իրենց մոտ եղած հրացաններով կրակել են իրար վրա։ Կրակոցների հետևանքով Արտակ Մաթևոսյանը մահացել է, իսկ 46-ամյա տղամարդը հրազենային վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն։

«Պարզվել են վիճաբանության պատճառն ու դեպքին առնչվող այլ հանգամանքներ, որոնք այս պահին հրապարակման ենթակա չեն։ Ըստ այս պահին հայտնի տվյալների՝ հրազեններից մեկը, որից արձակվել են կրակոցներ, որսորդական է, որը հաշվառված է կրակոցներ արձակողի անվամբ»,- ասված է ոստիկանության հաղորդագրության մեջ։

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կան ձերբակալվածներ:

Քննչական գործողությունները և օպերատիվ-հետախուզական ու կանխարգելիչ միջոցառումները շարունակվում են։