02 Սեպ
2026
28° c ԵՐԵՎԱՆ
24° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
1988-ից մինչև 2026․ սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն է

1988-ից մինչև 2026․ սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն է

1991 թվականի դեկտեմբերի 10-ին Արցախում իրարանցում էր։ Չկար մի գյուղ կամ քաղաք, որտեղ չէին շտապում տեղամասեր։ Մարդիկ շտապում էին սեփական երկրի անկախության համար իրենց ձայնը տալու։ Քվեարկությանը մասնակցեցին ձայնի իրավունք ունեցող բոլոր քաղաքացիները․ նրանց 99․89 տոկոսը ընտրեց Արցախի անկախությունը։ Հանրաքվեին հաջորդեց խորհրդարանի ընտրությունն ու Կառավարության ձևավորումը։

 

Մինչ այս իրադարձությունները՝ 1991 թվականի սեպտեմբերի 2-ին, Լեռնային Ղարաբաղի մարզխորհրդի և Շահումյանի շրջանային խորհրդի պատգամավորների համատեղ նստաշրջանում, ընդունվել էր Արցախի անկախության հռչակագիրը։

 

Արցախի հանրապետության հռչակման պատմությունը սկսվել էր ավելի վաղ՝ 1988-ին՝ Արցախյան շարժումով։ Սկզբնական պահանջը Հայաստանի հետ վերամիավորումն էր։ Սակայն երեք տարի անց իրավիճակը փոխվել էր․ Խորհրդային Միությունը փլուզվում էր, իսկ Ադրբեջանը 1991 թվականի օգոստոսի 30-ին հայտարարել էր իր անկախության վերականգնման մասին։

 

Արցախի համար առաջացավ նոր իրավիճակ․ եթե Ադրբեջանը դուրս էր գալիս Խորհրդային Միությունից, ապա Լեռնային Ղարաբաղը պետք է որոշեր իր ճակատագիրը։ Եվ հենց այդ պահին Արցախի քաղաքական ղեկավարությունը հենվեց 1990 թվականի ապրիլի 3-ին ընդունված ԽՍՀՄ օրենքի վրա։ Այդ օրենքը միութենական հանրապետության կազմից դուրս գալու դեպքում հնարավորություն էր տալիս նրա կազմում գտնվող ազգային ինքնավարություններին ինքնուրույն որոշել իրենց իրավական կարգավիճակը։

 

Սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում ընդունված հռչակագիրն ու հաջորդած հանրաքվեն դարձան միջազգային իրավունքով մարդկանց ազատ կամարտահայտման դրսևորումն ու խորհրդանիշը։

 

1993-ից սկսած՝ տասնամյակներ շարունակ սեպտեմբերի 2-ն Արցախում նշվում էր մեծ շուքով։ Ստեփանակերտի փողոցներում անցկացվում էին հանդիսավոր միջոցառումներ, շքերթներ, համերգներ, Արցախ էին ժամանում Հայաստանի ղեկավարներն ու պետական պատվիրակությունները։

 

30 տարի անց՝ 2023-ին, անկախության օրը նշվեց այլ իրականության մեջ․ շրջափակման վերջին օրերն էին, արցախցիները հավաքվեցին Ստեփանակերտի հուշահամալիրում, օրն անցկացրին աղոթքով ու հոգեհանգստյան կարգով։

 

2024-ի սեպտեմբերի 2-ին, 30 տարվա մեջ առաջին անգամ դատարկ էր Վերածննդի հրապարակը։ Արցախի տեղահանված քաղաքացիներն ու պետական գործիչները հավաքվել էին Եռաբլուրում և Արցախի ներկայացուցչության մոտ։ 2025-ին Արցախի հանրապետության հռչակման 34-ամյակի օրը ադրբեջանական վանդալիզմի զոհը դարձավ Արցախի արտաքին գործերի նախարարության շենքը։

 

Սեպտեմբերի 2-ը շարունակում է նշանակվորել տասնյակ հազարավոր մարդկանց որոշումն ու սեփական երկիրը պահելու հաստատակամությունը։ Նշանավոր այս օրը այն սերունդների հիշողության օրն է, որոնք տեսել են անկախության շարժումն ու հռչակումը, պատերազմներն ու հաղթանակները, Ստեփանակերտի լեփ-լեցուն հրապարակներն ու․․․ դատարկված քաղաքները։

 

1991 թվականի դեկտեմբերի 10-ին մարդիկ շտապում էին իրենց ձայնը տալու, չիմանալով, որ առջևում պետք է ձգվեին պատերազմի ծանր տարիները՝ զոհերով, կորուստներով ու հաղթանակներով։ Բայց նրանք գիտեին, որ ուզում են հռչակել ու պահել իրենց պետությունը։

 

Ռազմագերիներ   Ռազմագերիներ