ABCMEDIA
Այս հողի համար արժե կռվել ու մահանալ․ Շահեն Մեղրյանի հիշատակի օրն է

Այս հողի համար արժե կռվել ու մահանալ․ Շահեն Մեղրյանի հիշատակի օրն է

«Շահումյանի շրջանում անառարկելի հեղինակություն վայելող մարդը». այսպես են Շահեն Մեղրյանին բնութագրել նրան մարտական ընկերները։

Այսօր Արցախի հերոս, ռազմական ու պետական գործիչ, դաշնակցական Շահեն Մեղրյանի հիշատակին օրն է։

Մարտական ընկերներն ասում են, որ այլևս երբեք չեն հանդիպել մեկին, ով պատերազմին կվերաբերեր Շահեն Մեղրյանի պարզությամբ։

«Պատերազմը նրա համար աշխատանք էր, որը նա չէր փնտրել ու չէր սիրել։ Սակայն նրանից բացի այդ գործն անողներ չկային, եւ նա դա գիտեր։ Իսկ ցանկացած աշխատանք պետք է լավ արվի՝ դա գործի հանդեպ ոչ թե պարտաճանաչ սովետական ղեկավարի վերաբերմունք էր, այլ գյուղացու, ով ապրում է սեփական աշխատանքով եւ ոչ մեկի վրա չի կարող հույս դնել։ Նրա մեջ ոչ ֆանատիզմ կար, ոչ էլ գազանի ազարտ։ Նա պատերազմն ընկալում էր ոչ թե որպես օտարների սպանություն, այլ որպես յուրայինների փրկություն։ Եթե դրա համար պետք է սպանել, ուրեմն այդպես է պետք։ Եթե կարելի է չսպանել՝ փառք Աստծո։ Նրա մեջ կար հպարտություն լավ արված աշխատանքի համար։ Ռոմանտիզմ էլ կար։ Շահեն Մեղրյանը անկեղծ հավատում էր, որ կռվում է ոչ միայն հայերի կյանքները փրկելու համար, բայց եւ նրա համար, որ հայերը ապրեն այլ պետության մեջ՝ ոչ միայն անվտանգ, այլեւ ազնիվ ու արդար բոլորի համար»,-մի առիթով գրել է ռուս լրագրող Միխայիլ Շեվելևը։

1991 թվականին «Կոլցո» օպերացիայից հետո, երբ ընկավ Գետաշեն-Մարտունաշենը, Շահումյանի դրությունը կտրուկ վատացավ։ Նույն տարվա հունիսին ադրբեջանցիները, ռուս վարձկանների օգնությամբ, գրավեցին շրջանի մի քանի գյուղ։ Շահենը իր ջոկատների հետ կազմակերպեց հակահարձակողական օպերացիա, որի շնորհիվ սեպտեմբերի 14-19-ին ազատագրվեցին երեք գյուղերը։

Թեպետ Շահումյանը պահել չհաջողվեց, սակայն Մեղրյանը մինչև կյանքի վերջին րոպեն չի դադարել մտածել ու ծրագրել հայրենիքի ազատագրումը։ Հերոսի կյանքն ավարտվեց հենց այն ժամանակ, երբ Շահումյանի ազատագրումն այնքան մոտ էր թվում։

Շահեն Մեղրյանն իր 9-ամյա որդուն վերջին անգամ 6 տարեկան էր հանդիպել։ Մարտադաշտից 3 երեխաներին գրած նամակում ասել էր.

«Բարեւ ձեզ, իմ սիրելի բալիկներ:

Հայրիկը շատ լավ է զգում իրեն, միայն թե շատ-շատ է կարոտում ձեզ: Մեր մոտ ամեն ինչ նորմալ է, շուտով կսկսենք աշխատել հայրենիքի ազատագրման ուղղությամբ: Հիմա գործում ենք Մարտակերտի շրջանում:

Գարնանն անպայման դպրոց եք հաճախելու, դրա համար պետք են ամենօրյա պարապմունքներ: Լուսինե եւ Լիլիթ ջան, օգնեք Զինավորին: Մամային լսեք, ապային ու այային մի մոռացեք:

Շուտով կհանդիպենք: Արտատափ, 17.02.1993թ.»

Սա թերևս Շահենի վերջին նամակն էր երեխաներին։

Նպատակ ուներ ազատագրել հայրենի Շահումյանը, սակայն ողբերգական ճակատագիրը մեծ ռազմիկի համար այլ ծրագիր ուներ։ 31 տարի առաջ հենց այս օրը Գյուլիստանի երկնքում խոցվեց այն ուղղաթիռը, որով Շահենը և նրա մարտական ընկերներն էին ցանկանում ուղևորվել Երևան։

«Այս հողի համար արժե կռվել ու մահանալ». Շահենի խոսքերն են՝ ասված այն քիչ հարցազրույցներում, որոնք տվել է Արցախի հերոսն ու հզոր ռազմական գործիչը։