
Մադյարը՝ իր վրա գինի լցնելու միջադեպի մասին․ «Օրբանի պարտված զինվոր»
Միջին տարիքի անհայտ տղամարդը գինի է լցրել Հունգարիայի վարչապետ Պետեր Մադյարի վրա՝ այդ կերպ արտահայտելով իր անձնական հակակրանքը և կառավարության ղեկավարի քաղաքականության հետ անհամաձայնությունը։ Վարչապետն ինքն է պատմել միջադեպի մասին՝ կատարվածին ծիծաղով վերաբերվելով և միայն ափսոսանք հայտնելով, որ լավ խմիչքն իզուր վատնվեց։
Միջադեպը տեղի է ունեցել շաբաթ օրը՝ սեպտեմբերի 19-ին, այն բանից հետո, երբ Մադյարը այցելել էր երկրի հարավ-արևմուտքում գտնվող Պեչ քաղաք, որտեղ հանդիպել էր իր կողմնակիցների հետ։ Բուդապեշտ վերադառնալու ճանապարհին վարչապետը կանգ է առել Սեքսարդում՝ խաղողի բերքահավաքին նվիրված տոնին մասնակցելու համար, և տեղի բնակիչների հրավերով այցելել է ռեստորաններից մեկում կազմակերպված երեկույթ։
Անվտանգության աշխատակիցը միջադեպի վայրից հեռացրել է տղամարդուն։
Մադյարը սոցիալական ցանցում գրել է, որ այս «ջենթլմենը», հավանաբար, շատ էր նյարդայնացել այն բանից, որ բոլորն իրենց լավ էին զգում, իսկ իրենք շփվում և լուսանկարվում էին հարյուրավոր մարդկանց հետ։ Նա չի համարձակվել ավելի մոտենալ և նայել աչքերի մեջ, իսկ Սեքսարդի համեղ գինին իզուր վատնվել է։
Վարչապետը հեգնանքով միջադեպի հեղինակին անվանել է «Օրբանի պարտված զինվոր» և համոզմունք հայտնել, որ նա նախկին վարչապետի և ընդդիմության անցած «ՖԻԴԵՍ» կուսակցության կողմնակիցներից է։


