
Հրազդանի նախկին քաղաքապետի պաշտոնակատարից՝ Կոտայքի մարզպետ․ ինչո՞վ է հայտնի Լիլիթ Ստեփանյանը
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ։ Հոկտեմբերի 20-ին ՔՊ վարչության նիստում առաջադրվել է նրա թեկնածությունը, իսկ հոկտեմբերի 21-ին Ստեփանյանն արդեն պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել։
Նա կփոխարինի Ահարոն Սահակյանին, որը մարզպետի պաշտոնը թողել է պատգամավորական մանդատ ստանալու համար։
Ստեփանյանի՝ Կոտայքի մարզպետ նշանակվելու հավանականության մասին մամուլը գրել էր դեռ ամիսներ առաջ։ Սակայն օգոստոսին, պատասխանելով լրագրողների հարցերին, պատգամավորը հայտարարել էր, որ նման տեղեկությունների չի տիրապետում։
Ո՞վ է Լիլիթ Ստեփանյանը
Լիլիթ Ստեփանյանը ծնվել է 1981 թվականին Հրազդանում։ Ավարտել է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը, քաղաքագետ է։
Տարբեր տարիների աշխատել է կրթության ոլորտում, եղել ուսուցիչ, Կրթության ազգային ինստիտուտի Կոտայքի մասնաճյուղի տնօրեն։ 2018 թվականի հուլիսին նշանակվել է Հրազդանի համայնքի ղեկավարի պաշտոնակատար, իսկ նույն տարվա նոյեմբերին՝ Կոտայքի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի պաշտոնակատար։
2018 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո պատգամավոր է դարձել «Իմ քայլը» դաշինքի ցուցակով, իսկ 2021 թվականին վերընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակով։
140 միլիոն դրամի չարաշահման մասին հայտարարությունը
Հրազդանի համայնքի ղեկավարի պաշտոնակատար եղած ժամանակ՝ 2018 թվականին, Ստեփանյանը հայտարարել էր քաղաքապետարանի հարկային բաժնում հայտնաբերված շուրջ 140 միլիոն դրամի ենթադրյալ չարաշահման մասին։ Ըստ Ստեփանյանի՝ քաղաքացիները վճարել էին գույքահարկն ու հողի հարկը, սակայն գումարները չէին արտացոլվել համապատասխան տվյալների բազայում։ Նա պնդել էր, որ խոսքը յուրացված գումարների մասին է։ Թե իրավական ինչ գնահատականի արժանացավ նրա այս պնդումը, հայտնի չէ։
Լիլիթ Ստեփանյանի անունը մամուլում շրջանառվել է նաև պատգամավորներին տրամադրվող բնակվարձի փոխհատուցման թեմայով։
2023 թվականի նոյեմբերին «Ժողովուրդ» օրաթերթը, հղում անելով Ազգային ժողովից ստացված փաստաթղթերին, գրել էր, որ Ստեփանյանը 2020 թվականի ապրիլի 1-ին բնակարան գնելուց հետո շարունակել է պետական բյուջեից բնակվարձի փոխհատուցում ստանալ։
Պատգամավորը հերքել էր տեղեկությունը՝ հայտարարելով, որ բնակարան գնելուց հետո այլևս փոխհատուցում չի ստացել։
Սակայն օրաթերթը պնդել էր, որ ԱԺ-ից ստացված տվյալներով՝ Ստեփանյանին փոխհատուցում է տրամադրվել նաև 2020 և 2021 թվականներին։
Նույն տարվա նոյեմբերին CivilNet-ի հրապարակած ուսումնասիրության համաձայն՝ Ստեփանյանը եղել է 2021 և 2022 թվականներին բնակվարձի փոխհատուցում ստացած պատգամավորների ցանկում։


